երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեների նիստերը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեների նիստերը

Ապրիլի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի և Գործընկերություն հանուն լավ կառավարման ԵԽ-ԵՄ համատեղ նախաձեռնության 2023-2027 թթ. Հայաստանի ծրագրի միջգերատեսչական կոմիտեների նիստերը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի համանախագությամբ:

Քննարկումներին մասնակցում էին նաև ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանեն, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Գործողությունների ծրագրերի շահառու ՀՀ գերատեսչությունների և կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները, ԵԽ քարտուղարության պատասխանատուները, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչները:

Նիստերի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի և ԵԽ-ԵՄ Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027 թթ. Հայաստանի ծրագրի կատարման ընթացքը, արձանագրվել են դրական արդյունքներ դատաիրավական համակարգի, արդարադատության արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի, կիբերհանցագործությունների դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի զարգացման, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումներ նախատեսող ծրագրերում, ինչպես նաև հստակեցվել են հետագա աշխատանքները։

ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի բաղադրիչ հանդիսացող ԼՂ փախստականների իրավունքների երաշխավորման ԵԽ համապարփակ փաթեթը, որի շրջանակում կազմակերպությունը փորձագիտական աջակցություն է տրամադրում ՀՀ իշխանություններին՝ բռնի տեղահանված ԼՂ բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական, բնակապահովման, զբաղվածության միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու համար:

Մասնակիցները երկուստեք հաստատել են Գործողությունների ծրագրերի նշանակալի դերը՝ Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

  • Կիսվել: