ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ տեղակալն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցերով համազեկուցողներին

ՀՀ ԱԳՆ տեղակալն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցերով համազեկուցողներին

Փետրվարի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգին (Շվեդիա)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարարի տեղակալը ողջունել է համազեկուցողների փաստահավաք այցելությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և օբյեկտիվ գնահատմանը։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման պարբերական խափանման փաստը՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև։

Անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

  • Կիսվել: