չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է տարածաշրջանում Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է տարածաշրջանում Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է տարածաշրջանում Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ արձագանքելով Հայաստանի հասցեին մեղադրանքներ պարունակող Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը:

«Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց և շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից»,- նշված է հայտարարությունում:

Նաղդալյանը հավելել է, որ, չսահմանափակվելով Մերձավոր Արևելքից ահաբեկիչ զինյալների, ռազմական սպառազինության ու մասնագետների մատակարարմամբ Ադրբեջանին` Թուրքիան ստանձնել է նաև հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ և ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական և քաղաքական արշավի հովանավորչությունը։

«Այդ ամենի հետևում ակնհայտ երևում է Թուրքիայի ձգտումը մի շարք այլ հարևան տարածաշրջաններից հետո, վերածելու նաև մեր ողջ տարածաշրջանը հարթակի իր ծավալապաշտական նկրտումների դրսևորման համար։ Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և կարևորում տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր ուժերի համագործակցությունը»,- գրել է Նաղդալյանը:

  • Կիսվել: