Եվրոպան այսօր խաղաղության վիճակում չէ. Ռյուտե
Եվրոպան այսօր խաղաղության վիճակում չէ և բախվում է աճող թվով հիբրիդային հարձակումների, որոնք ՆԱՏՕ-ն կապում է Ռուսաստանի հետ: Այս մասին Մյունստերում ՆԱՏՕ-ին Վեստֆալյան խաղաղության միջազգային մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, տեղեկացնում է The Guardian-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Եվրոպան այսօր խաղաղության վիճակում չէ»:
Ռյուտեի խոսքով՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին Եվրոպայում ռուսական «վնասակար հիբրիդային հարձակումների» ցանկը մշտապես ընդլայնվում է։ Նա հիշատակել է կիբերհարձակումներ, դիվերսիաներ, հրկիզումներ, օդային տարածքի խախտումներ և անօդաչու սարքերի հետ կապված միջադեպեր։
Նա նաև հայտարարել է, թե Ռուսաստանում, իբր, հույս ունեն վախեցնել և պառակտել եվրոպական երկրներին։ «Պուտինը ցանկանում է վախեցնել և բաժանել մեզ, բայց նա կտապալի։ Իսկ նրա թշնամական գործողություններին մեր պատասխանը կլինի Ուկրաինային էլ ավելի մեծ աջակցությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ եվրոպացի առաջնորդներին «երկար ճանապարհ» է սպասվում, քանի որ, նրա ասելով, ռուսական ռազմական մեքենան մոտ ժամանակում չի կորցնի իր հնարավորությունները։ Ռյուտեն միաժամանակ մատնանշել է Չինաստանի զինված ուժերի շարունակվող արդիականացումը։
Ռյուտեն եվրոպական երկրներին կոչ է արել պահպանել պատրաստվածությունը հնարավոր զարգացումների նկատմամբ։ «Խաղաղությունը փխրուն է։ Մենք հստակ չգիտենք, թե ինչ կբերի վաղվա օրը»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ դաշինքի երկրները պատրաստ են պաշտպանել միմյանց։



