ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը  և հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին

ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը  և հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով  Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 25-ին հանդիպեց ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: 

Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում  գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունը  և հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին: Երկուստեք ընդգծվեց այս նոր ձևաչափի կարևոր նշանակությունը փախստականների խնդիրների ուղենշման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության խթանման գործում: 

Անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին՝ ԱԳ նախարարը նշեց, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում ունեցած պատմական ներկայությամբ և ներգրավվածությամբ՝  Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Արտգործնախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը՝ աջակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդին իր առջև ծառացած մարտահրավերների և մտահոգությունների հասցեագրման գործում: 

Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց սիրիահայերի կարիքներին արձագանքելու և Հայաստանում կեցության բարելավման ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը:

  • Կիսվել: