երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մասնակցության մրցույթ

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մասնակցության մրցույթ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (Հայաստանի դիվանագիտական դպրոց) հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2022-23թթ. դասընթացի մասնակցության մրցույթ:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, դիմումի հայտը հանձնելու պահին 35 տարին չլրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով» սահմանված որակավորում և չեն տառապում ՀՀ կառավարության 2019թ. փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված՝ «Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում» նշված որևէ հիվանդությունով:

Դասավանդման լեզուներն են հայերենը և անգլերենը: Նշված լեզուների, ինչպես նաև դիմորդի ընտրությամբ ևս մեկ օտար լեզվի գերազանց իմացությունը պարտադիր է: Լեզուների իմացությունը ստուգվելու է քննության թե՛ գրավոր, թե՛ բանավոր փուլերում։ Իր տիրապետած երկրորդ օտար լեզվի մասին դիմորդը նախօրոք նշում է կատարում ընդունելության մրցույթին մասնակցելու դիմում-հայտում։
 
Դասերը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ և արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ դասախոսներ:
 
Դասընթացը կմեկնարկի 2022թ. սեպտեմբերին և կավարտվի 2023թ. հուլիսին: Ուսումն անվճար է:
 
Պահանջվող փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ և դիմումի ձևը բեռնել Դիվանագիտական դպրոցի կայքի «ընդունելություն» բաժնից:
 
Էլեկտրոնային եղանակով դիմումները գրանցած, պահանջվող փաստաթղթերը էլեկտրոնային փոստին ուղարկած և դիմումի հետ մյուս ստորագրված անհրաժեշտ փաստաթղթերը Դիվանագիտական դպրոց ներկայացրած դիմորդները 2022թ. հունիսի 15-ին կհրավիրվեն գրավոր քննության առաջին փուլին, որը կազմված է ՀՀ Սահմանադրության, հայոց պատմության, համաշխարհային պատմության և աշխարհագրության մասին, ընդհանուր զարգացվածության և տրամաբանության հարցերի վերաբերյալ բազմակի պատասխաններից ընտրությամբ թեստից և կարող է ներառել նաև մասնագիտական տեքստերի թարգմանություն դասավանդման լեզուներով։ Գրավոր քննության առաջին փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության երկրորդ փուլին (միջազգային հարաբերությունների/արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով շարադրություն): Երկրորդ փուլը հաջողությամբ անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի: Լավագույն դիմորդները հնարավորություն կստանան մասնակցելու դասընթացին:
Դիմորդներից ակնկալվում է աշխարհում ընթացող՝ միջազգային հարաբերությունների ոլորտին վերաբերող հիմնական իրադարձությունների մասին տեղեկացվածություն:
 
Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական և գործնական առարկաներից: Դասավանդվող առարկաներից ունկնդիրները կհանձնեն ընթացիկ քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության, հաճախումների, այցերի մասնակցության և պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույն շրջանավարտները, ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, կարող են աշխատանքի ընդունվել ՀՀ ԱԳ նախարարությունում:
 
Դասընթացն անցկացվելու է Դիվանագիտական դպրոցում: Դասերն անցկացվելու են ամեն աշխատանքային օր, օրվա երկրորդ կեսին:
 
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. մայիսի 2-ից մինչև հունիսի 8-ը ներառյալ լրացնել էլեկտրոնային դիմում-հայտը http://admission.diplomaticacademy.am/ հասցեով և ուղարկել սույն հայտարարությամբ պահանջվող փաստաթղթերը [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, ապա մայիսի 26-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ անձամբ հանձնել ստորագրված դիմումը, ինքնակենսագրությունն ու դասընթացին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիրը և երկու լուսանկարները:

  • Կիսվել: