կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պարույր Հովհաննիսյանը Լեհաստանի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

Պարույր Հովհաննիսյանը Լեհաստանի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելին, ով Հայաստանում է գտնվում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի յոթերորդ նիստին մասնակցելու նպատակով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-լեհական երկկողմ օրակարգին։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված գործնական քայլերը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում հայ-լեհական համագործակցության զարգացման կարևորությունը։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրմանը։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հնչեցվող ագրեսիվ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: