Հենց հիմա հրապարակեք․ Ռոբերտ Քոչարյանը միջամտեց բանավեճին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում է երկրորդր նախագահի և մյուսների գործով դատական նիստը, Մարտի 1-ի տուժածներից մեկի իրավահաջորդը պաշտպանական կողմի հասցեին սպառնալիք հնչեցրեց՝ հայտարարելով, որ նրանք կարող են հայտնվել իրենց օրին:
Դատարանում կրքերը թեժացան, դատավորը պահանջեց հանդարտվել:
Պաշտպանական կողմը, մասնավորապես՝ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը, հայտարարությունը սպառնալիք որակեց՝ պահանջելով գնահատական տալ: Բանավեճին միջամտեց երկրորդ նախագահը՝ պահանջելով միացնել ձայնագրությունը. «Հենց հիմա միացրեք ձայնագրությունը, լսեք, թե ինչ սպառնալիք է հնչեցրել»,-ասաց նա:
Հայկ Ալումյանը հայտարարեց, որ պահանջում է միացնել ձայնագրություն, որպեսզի մինչև վերջ լսի, թե ինչ է ասել տուժողի իրավահաջորդը:
Բանավեճին միջամտեց դատախազությունը՝ հայտարարելով, որ նիստը ձայնագրվում է ու պաշտպանական կողմը ցանկության դեպքում կարող է ստանալ ձայնագրությունները, նայել ու անել հետևություններ:
Դատական նիստն այսօր ավարտվեց, հաջորդ դատական նիստը կլինի հունվարի 14-ին, ժամը 13:00-ին։