Հայոց լեզվի Համշենի բարբառն առաջին անգամ լսվել է Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից
Փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ներկայացվել են վերացման վտանգի տակ գտնվող լեզուները, այդ թվում՝ արևմտհայերենը և հայոց լեզվի Համշենի բարբառը։
Այդ մասին հայտնում է www.akunq.net –ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի մեջլիսի ամբիոնից արևտմահայերեն խոսք է հնչեցրել պոլսահայ հասարակական գործիչ Մուրադ Մըհչըն (Մուրատ Մըխճը), իսկ հայոց լեզվի Համշենի բարբառով ելույթ է ունեցել համշենահայ մտավորական, մի շարք գրքերի հեղինակ Հուրիյե Շահինը։
Արևմտահայերենի և հայոց լեզվի Համշենի բարբառի հետ մեկտեղ, որպես անհետացման վտանգի տակ գտնվող լեզուներ, ներկայացվել են նաև զազայերենը, քրդերենը, ասորերենը և այլ լեզուներ։
Հիշեցնենք, որ UNESCO-ն տարիներ առաջ «Վտանգի տակ գտնվող լեզուների ատլասում» մատնանշել էր, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Հայոց լեզվի Համշենի բարբառն ընդգրկվել էր «բացահայտ վտանգի տակ գտնվող» լեզուների դասի տակ: