շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայոց լեզուն, Հայ գրականությունը և Հայոց պատմությունը բուհերում կարող են դասավանդվել հայեցողական սկզբունքով. Նախարար

Հայոց լեզուն, Հայ գրականությունը և Հայոց պատմությունը բուհերում կարող են դասավանդվել հայեցողական սկզբունքով. Նախարար

 

Հայաստանյան բուհերում Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության առարկաների դասավանդումը ոչ թե հանվելու է, այլ կրելու է հայեցողական բնույթ, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով Սերգեյ Բագրատյանի հարցին։

Այդուհանդերձ, նախարարը հավելեց նաև, որ հարցը դեռ քննարկվում է ու հստակ որոշոում այդ մասով դեռ չկա։ «Դրանք ծրագրից չեն հանվում, խոսքը պարզապես դրանց պարտադիր ուսուցման բնույթի մասին է: Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում և հայոց լեզվից, և հայ գրականությունից, և պատմությունից: Եվ, ըստ էության, ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունը ազդում է մասնագիտական ծրագրի բովանդակության և որակի վրա»,-ասաց նախարարը:

 Բուհերը, ըստ նախարարի, իրենց հայեցողությամբ կարող են այդ առարկաները ներառել ծրագրում: Նա համոզմունք հայտնեց, որ շատ բուհեր կներառեն, սակայն այդ առարկաների դասավանդումը պարտադիր բնույթ չի կրի: Նախարար Հարությունյանի խոսքով, հաճախ լինում է, որ մասնագիտական ֆակուլտետներում դժգոհում են, թե ուսանողները շատ ավելի ժամանակ են կորցնում պարտադիր առարկաների վրա, որոնք անցնում են դպրոցներում և մասնագիտականին քիչ ժամանակ է մնում: Այդ պատճառով էլ այդ առարկաները կարող են դասավանդվել հայեցողական սկզբունքով։

  • Կիսվել: