ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն պատմական հանցագործությունների նախատիպն է. Անդրեա Օրսինի

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի մեծագույն պատմական հանցագործությունների նախատիպն է. Անդրեա Օրսինի

Իտալիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, Forza Italia կուսակցությունը ներկայացնող Անդրեա Օրսինին սեր և համերաշխություն է հայտնել աշխարհի բոլոր հայերին, գրում է 1lurer.am-ը:

«Չմոռանալ Հայոց ցեղասպանությունը բարոյական և քաղաքացիական պարտք է բոլոր ժողովուրդների և ազգությունների համար։ Առավել ևս մեզ՝ արևմտաեվրոպացիներիս և քրիստոնյաներիս համար, ովքեր սերտ կապեր ունեն հայ ժողովրդի հետ՝ ընդհանուր պատմություն և արժեքներ։ Ես ասում եմ սա որպես Իտալիայի խորհրդարանական․ հայերի ներկայությունը Իտալիայում, ինչպես ողջ քրիստոնեության պատմության մեջ, մեր էության, մեր մշակույթի, մեր քաղաքակրթության հիմնարար մասն է կազմում։

Ահա թե ինչու կարևոր է հիշել 106 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը։ Այն պարզապես անմեղ ժողովրդի հանդեպ կատարած հանցագործություն չէր։ Դա նաև փորձ էր արմատախիլ անել մի ժողովրդի ոգի, հայ ժողովրդին երկրի երեսից։ Յուրաքանչյուր պատմական ողբերգություն միանշանակ տարբերվում է մյուսներից։ Բայց կասկած անգամ չկա, որ Հայոց ցեղասպանությունը որոշակի իմաստով 20-րդ դարի մեծագույն պատմական հանցագործությունների նախատիպն է։ Այսօր հայ ժողովուրդը երկար ժամանակ անց վերականգնել է իր պետական ինքնությունը։

Հայաստանը ազատ և ժողովրդավար երկիր է, որը գտնվում է լուրջ ճնշումների և մեծ վտանգների կենտրոնում, մի խրթին միջազգային համատեքստում, ինչպիսին Կովկասն է։ Մենք պարզապես ցանկանում ենք խաղաղություն տարածաշրջանում, և նրանք, ովքեր այսօր 106 տարի անց նախընտրում են խաղաղություն, արդարություն և անվտանգություն, սրտակից են հայ ժողովրդին։

Մեր սերն ու համերաշխությունն ենք ուղարկում բոլոր հայերին Հայաստանում և Սփյուռքում՝ ի հիշատակ դաժան անցյալի, որ չպետք է կրկնվի այլևս երբեք»,- ասել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ Անդրեա Օրսինին:

 

  • Կիսվել: