ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում

Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում

ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվել է քննարկել սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Արդյուք մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը»,- հարցադրմամբ հանդես է եկել ԱՄՆ Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ կրկին անգամ Սենատում բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի ընդգրկմանը օրակարգում, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը:

Իր ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արեց Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 բանաձևի ընդգրկամնը օրակարգում:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- նշել է սենատոր Մենենդեսը:

Դեմոկրատ սենատորին միացել է իր հանրապետական գործընկեր, սենատոր Թեդ Քրուզը, ով ընդգծեց՝ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առջև: Քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը հանրապետական սենատորը վստահություն հայտնեց, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, սակայն դաշնակիցները պետք է ասեն ճշմարտությունը միմյանց»,- ընդգծել է սենատոր Քրուզը:

Բանաձևի առաջադրմանը սակայն դեմ է հանդես եկել Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը: Նախկին կոնգրեսական, իսկ 2018 թվականից սենատի անդամ Քրամերը գտնում է՝ այսօր ճիշտ ժամանակը չէ բանաձևի ընդունման համար.

«Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»:

Հիշեցնենք, որ, ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի, մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում: Այսպիոսով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդգրկումը Սենատի օրակարգում դեկտեմբերի 5-ին արգելափակվեց Հյուսիսային Դակոտայի սենատորի կողմից:

Արձագանքելով դրան՝ սենատոր Մենենդեսն ընդգծել է, որ դժվար է ընտրել ճիշտ ժամանակ այս քայլի համար: Նա վստահեցրեց, որ կշարունակի պայքարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

  • Կիսվել: