հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայկական կողմը պետք է միջազգային հարթակներում բարձրացնի Ադրբեջանի ու Թուրքիայի տարածաշրջանում ռազմական լարվածություն գեներացնելու փորձերի հարցը․ Աբովյան

Հայկական կողմը պետք է միջազգային հարթակներում բարձրացնի Ադրբեջանի ու Թուրքիայի տարածաշրջանում ռազմական լարվածություն գեներացնելու փորձերի հարցը․ Աբովյան

Ադրբեջանից հնչող հայտարարությունները կարելի է դիտարկել զինված հարձակման նախապատրաստական տրամաբանության մեջ, որքան էլ մեզ համար դրանք զավեշտալի թվան: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հիշեցնելով վերջերս թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների մասին։

Նա նաև վկայակոչեց արաբական, թուրքական մամուլի հրապարակումները, որոնք, ըստ պատգամավորի, փաստում են՝ Թուրքիան շատ ակտիվ Ադրբեջանում տեղակայում է իսլամիստ գրոհայինների։

«Ըստ տեղեկությունների գնում է շատ ակտիվ հավաքագրում, որոնց տեղափոխում են Ադրբեջան։ Դա փաստում է մի բան՝ Ադրբեջանը տարբեր ուղղություններով տանում է նախապատրաստական աշխատանքներ», - հայտարարեց Աբովյանը։

Այս պարագայում, ըստ պատգամավորի, հայկական կողմը առաջին հերթին բոլոր հնարավոր ու անհնարին միջազգային հարթակներում պետք է բարձրացնել այս հարցը՝ ներկայացնելով ապացույցներ, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում են ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում։

 «Ադրբեջանի ղեկավարությունը հրահրում է պատերազմ և բացի հրահրելուց նա տանում է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ՝ օրինակ՝ երկու օր է պահեստազորայինների հավաքներ են տեղի ունենում Ադրբեջանում», - հայտարարեց Արման Աբովյանը։

  • Կիսվել: