հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում դիմակ չկրելու համար հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը, բայց դա  չի փոխում ՀՀ-ում գոյություն ունեցող վիճակը. Լիլիթ Մակունց

Արցախում դիմակ չկրելու համար հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը, բայց դա չի փոխում ՀՀ-ում գոյություն ունեցող վիճակը. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներողություն խնդրեց օրեր առաջ Արցախի նախագահի երդմնակալության արարաողությանն հաջորդած խնջույքի ժամանակ դիմակ չկրելու և սոցիալական հեռավորությունը չպահելու համար։

 «Արարողությանը մասնակցելիս դիմակներ չկրելու առումով մենք ընդունել ենք, որ այնուամենայնիվ այո արժեր դիմակներ կրել, ինչի համար անձամբ ես հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը, բայց դա որեւէ կերպ չի փոխում ՀՀ –ում գոյություն ունեցող վիճակը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նիստերի դահլիճում դիմակ կրելու հարցին՝ նա նշեց, որ չարժե կենտրոնանալ, թե օրենքի, որ տառն ինչ է ասում, կա արտակարգ դրություն ՀՀ-ում, կան թվեր, որ մտահոգիչ են բոլորիս համար եւ բոլորիս ուշադրությունը պետք է սեւեռված լինի հենց այդ հանգամանքի վրա։

 Նշեցնք, որ ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը նիստում հայտարարեց, թե պատգամավորները նիստերի դահլիճում դիմակ չկրելու դեպքում դուրս կհրավիրվեն։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց նրան՝ պնդելով, թե օրենքով պատգամավորներին չեն կարող դիմակ չկրելու համար դուրս հրավիրել։

«Պատգամավոր իրավաբաններից մեկն էլ այլ դրույթներ վկայակոչեց ԱԺ կանոնակարգ օրենքից։ Եթե մենք կարողանում ենք մեր վարքագծով օրինակ ծառայել ՀՀ քաղաքացիների համար, ինչպես նաեւ չվտանգել մեր գործընկերների, ԱԺ աշխատակազմի առողջությունը եւ կյանքը, ուրեմն դա պետք է արվի։ Բնականաբար միջոցներ պետք է ձեռնարկվեն եւ ԱԺ նախագահն այդ միջոցները կիրառելով փորձում է կանխել նման երեւույթները»,- ասաց Մակունցը։

Հիշեցնենք նաև , որ այսօր Ազգային ժողովի նիստերի ժամանակ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ նախագահի կողմից նախազգուշացում ստացավ՝ ԱԺ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար։

  • Կիսվել: