Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ. Մարուքյան
Հայկական կողմը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը երբեք չի կապել նախապայմանների հետ:
Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ակնկալում է, որ թուրքական կողմն էլ նույն կերպ կվարվի:
«Գնում է մի գործընթաց, որով փորձ ենք անում հարաբերությունները կարգավորել, սահմանները բացել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Կստացվի դա, թե ոչ կախված է Թուրքիայի անկեղծությունից»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչելու ու դատապարտելու են:
«Ինձ համար այս օրը ուժեղ պետություն կառուցելու օր է: Ցեղասպանության կանխարգելման միակ միջոցը ուժեղ և արդյունավետ պետություն ունենալն է»,-ընդգծեց դեսպանը:
Մարուքյանի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր է, որպեսզի երկու երկրների հասարակությունները խոսեն իրար հետ: