երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Հայաստանը ստացել է ադրբեջանական կողմի արձագանքը․  ԱԳ նախարարների հանդիպման վայրի ու ժամանակի մասով դեռևս հստակություն չկա․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը ստացել է ադրբեջանական կողմի արձագանքը․ ԱԳ նախարարների հանդիպման վայրի ու ժամանակի մասով դեռևս հստակություն չկա․ Արմեն Գրիգորյան

Նոր հանդիպում, այո՛, պլանավորվում է: Մյունխենում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ արտգործնախարարները, ինչպես նաև փոխվարչապետները հանդիպելու են: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հիմա քննարկվում է, դեռևս հստակություն օրվա և ժամի կամ տեղի մասով չկա, երբ որ լինի, համապատասխան հաղորդագրություն կլինի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ այդ մասով հայկական կողմը ստացել է Ադրբեջանի տարբերակը. «Այսինքն՝ մեր՝ հունվարի 4-ի պատասխանից հետո Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել, և կարծում ենք, որ երբ արտգործնախարարները հանդիպեն մոտակա շրջանում, բնականաբար, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»:

Հարցին՝ ԱԳ նախարարների հանդիպումը դեմ առ դե՞մ է լինելու, թե միջնորդներ կլինեն, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Քննարկվում են տարբերակներ՝ որտեղ և ինչպես կարող է հանդիպումը լինել: Կարծում եմ՝ շուտով դրա մասին նաև հրապարակային կլինի»:

  • Կիսվել: