հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ-ն շահագրգիռ է նպաստելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության խորացմանը. Ալեն Սիմոնյան

ՀՀ-ն շահագրգիռ է նպաստելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության խորացմանը. Ալեն Սիմոնյան

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին:

Վյաչեսլավ Վոլոդինը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն է կատարվել: Նա վերահաստատել է ՌԴ Պետական դումայի նոր գումարման պատգամավորների պատրաստակամությունը շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:

Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է Հայաստանի Ազգային ժողովի շահագրգռվածությունը` անկեղծ կառուցողական երկխոսության և փոխգործակցության միջոցով նպաստելու հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետագա խորացմանը: 

Նա հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն օղակներից է համարել` փաստելով, որ երկու երկրների խորհրդարանների միջև գործընկերային հարաբերությունները կայուն զարգանում են և ունեն հստակ ուղենշային առաջնահերթություններ:

Կողմերի միջև հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության մի շարք ուղղություններով, մասնավորապես` միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շրջանակում:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ավարտվել են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ միջազգային միջխորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունների ձեւավորման աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգության և երկարատև խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի:

Գործընկերներն անդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի համատեղ միջոցառումների անցկացմանը:

  • Կիսվել: