ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հայաստանը Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում. ԱԺ նախագահ

Հայաստանը Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում. ԱԺ նախագահ

Խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից՝ արդյոք վերջին օրերին եվրոպացիների հայտարարությունները և տեսակետները ավելի չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները:

«Ես չգիտեմ՝ էդ տրամաբանությունը, որ ՀՀ-ն իր շահերը հետապնդի՝ միշտ հետ նայելով, թե հանկարծ Ռուսաստանը չի նեղսրտի, որքանո՞վ է ճիշտ: Ես համարում եմ՝ դա ճիշտ չէ, որովհետև երբ Ռուսաստանը իր շահերն է առաջ տանում, չի նայում՝ կանգնո՞ւմ է ՀՀ շահերի վրա, թե՞ ոչ»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում:

«ՀՀ-ն իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում: Երբ մենք պատերազմական վիճակում էինք անցյալում Ադրբեջանի հետ, Ռուսաստանը համ զենք էր վաճառում Ադրբեջանին, համ դաշնակցային հարաբերությունների մեջ էր և ասում էր՝ մենք անկախ պետություն ենք և բոլորի հետ ունենք մեր հարաբերությունները: Հայաստանի պիտի ճո՞րտ լինի, իրեն ասե՞ն՝ սրա հետ լավ լինի, նրա հետ լավ չլինի՞»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը, թե Հայաստանը տնտեսապես կախում ունի Ռուսաստանից, Սիմոնյանն ասաց՝ չի ուզում կտրուկ բաներ ասել, բայց կախվածությունը ո՞րն է՝ կա՛մ մենք ծնկած ապրում ենք ինչ-որ գերտերության, լինի դա Ֆրանսիան, Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր, «սապոգի» տակ, կա՛մ փորձում ենք առանց որևէ մեկի հետ պատերազմելու, թշնամանալու տեր կանգնել մեր փոքր պետությանը:

«Մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին, Հայաստանը պետք է իր ընտրւթյունը կատարի: Ինքը չի ուզում իր մեծ եղբորը փոխարինել մեկ այլով: Նախկինում մենք եղել ենք ծնկած, որովհետև մեր նախագահական ընտրություններն անցել են կեղծիքներով, և ԿԸՀ-ն դեռ արդյունքները չհայտարարած, Ռուսաստանը շնորհավորել է, մեր ուժայինների մեծ մասը ճշտվել է Ռուսաստանի հետ, մեր քաղաքական ամբողջ կոնյունկտուրան, ողջ ուղեծիրը համաձայնեցվել են ու զուգահեռ տարվել»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ Հայաստանը մինչև 2018 թվականը անկախություն չի ունեցել, իսկ 2020 թվականից հետո տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ դաշնակիցը մեզ առնվազն մենակ թողեց:

  • Կիսվել: