հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գնահատման 2-րդ զեկույցը

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գնահատման 2-րդ զեկույցը

2020թ․ հուլիսի 10-ին ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո առցանց ձևաչափով անցկացվող բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ընթացքում Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ  զեկույցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

«Ֆորումն այս տարի կրում էր «Արագացված գործողության և վերափոխման ուղիներ. Գործողությունների տասնամյակի իրականացումը և կայուն զարգացման ապահովումը» (“Accelerated action and transformative pathways: realizing the decade of action and delivery for sustainable development”) խորագիրը։

Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի՝ հուլիսի 10-ին կայացած կամավոր զեկույցների ներկայացման հատվածում, նախագահում էր ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ որպես ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհի փոխնախագահ։

ՀՀ գնահատման զեկույցը ներկայացվեց նախապես նկարահանված տեսահոլովակի ձևաչափով։ Այն արտացոլում էր Հայաստանում 2018թ.-ից ի վեր Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանն ուղղված քայլերը, ՀՀ կողմից արձանագրված հաջողությունները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն ուղղված նորարարական լուծումները: Անդրադարձ կատարվեց նաև կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակին և դրա հետևանքների չեզոքացմանն ուղղված Կառավարության ձեռնարկած միջոցառումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսահոլովակում  ՀՀ կայուն զարգացման նպատակների խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես նշել է.

«Հայաստանը պատիվ ունի ներկայացնելու Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը, որը Կառավարության, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերի արդյունք է:

Հայաստանի Հանրապետությունը լիովին հանձնառու է իրագործել ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգը: ԿԶՆ-ներն ու դրանց թիրախները համընդհանուր արժեքներ են և դրանց իրագործումից շահում են բոլոր երկրները, ժողովուրդները և ամբողջ մոլորակը:

 

Հայաստանի Կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել ազգային զարգացման ծրագրման ուղղությամբ մեր ջանքերը: Անցած երկու տարիներին ոլորտային և միջոլորտային ռազմավարությունների նոր փաթեթ է մշակվել, որը ներառում է երկու տասնյակից ավելի ոլորտներ:

Զուգահեռաբար կառավարությունը մշակում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, որը բաղկացած է 16 մեգանպատակներից՝ իրենց թիրախներով, ցուցանիշներով, խնդիրներով և լուծումներով, որոնք ներառում են գրեթե բոլոր ԿԶՆ-ները»:

Զեկույցի ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխան: Հարցերին պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։

Եգիպտոսի ներկայացուցչի կողմից Էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցին անդրադառնալիս, Արտակ Ապիտոնյանն առանձնացրել է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի 13-րդ նպատակը, որն ուղղված է Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների հասանելիության ապահովմանը լայն հասարակության համար, ինչն իր հերթին կխթանի Հայաստանում 7-րդ, 13-րդ և 15-րդ ԿԶՆ-ների իրականացմանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, անդրադառնալով Մեքսիկայի ներկայացուցչի՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերին վերաբերող հարցին, նշել է, որ 2018թ․-ի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ Ազգային ժողովում ավելացել է կին պատգամավորների թիվը՝ հասնելով  24%-ի։ Փոխնախարար Ապիտոնյանն անդրադարձել է նաև Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ընդունված ռազմավարություններին, օրենքներին և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերին։

Պատասխանելով Ղրղզստանի ներկայացուցչի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հնչեցված հարցին՝ ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալը նշել է, որ 2018թ․-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո ՀՀ կառավարության առաջնային նպատակներից է կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ամրապնդումն ու դատական համակարգի բարելավումը։ Նախարարի տեղակալը ներկայացրեց հիշյալ ուղղություններով ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերը։

Հարցուպատասխանի ընթացքում ՌԴ ներկայացուցիչը հետաքրքրվել է ՀՀ տնտեսության ավանդական ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառման փորձով: ԱԳ նախարարի տեղակալ Ապիտոնյանն առանձնացրել է գյուղատնտեսության ոլորտում բարձր տեխնոլոգիաների կիրառման ծրագրերը և թվային գյուղատնտեսության ներդնումը, որոնք արտացոլված են Գյուղատնտեսության զարգացման 2020-2030 ռազմավարությունում։

  • Կիսվել: