երեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2024
Հայաստանը կողմ է քվեարկել  ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքներն ընդլայնող բանաձևին

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքներն ընդլայնող բանաձևին

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որով ԱԽ-ին խորհուրդ է տրվում կրկին քննարկել Պաղեստինի՝ կազմակերպությունում լիիրավ անդամ ընդունելու հարցը։ Բանաձևն ընդունվել է 143 կողմ ձայնով, 9 երկիր դեմ է քվեարկել, 25-ը՝ ձեռնպահ:

Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ուրբաթ արտակարգ նիստ է հրավիրել՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ բռնազավթված պաղեստինյան տարածքներում Իսրայելի անօրինական գործողությունների առնչությամբ:

Նիստի ընթացքում պատվիրակներն ընդունել են ՄԱԿ-ին՝ Պաղեստինի անդամակցության վերաբերյալ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջարկած բանաձևը։

Հայաստանից բացի՝ կողմ է քվեարկել նաև Ադրբեջանը: Վրաստանը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և մի շարք այլ երկրներ ձեռնպահ են մնացել: Իսկ դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը և մի շարք այլ երկրներ։

Փաստաթուղթն ընդլայնում է Պաղեստին պետության իրավունքները Գլխավոր ասամբլեայում, սակայն նրան իրավունք չի տալիս քվեարկելու կամ որպես թեկնածու առաջադրվելու Միավորված ազգերի կազմակերպության մարմիններում։

  • Կիսվել: