Հայաստանը կարող է դառնալ եվրոպական երկիր՝ չհավակնելով ԵՄ անդամակցության. Քոչարյան
Հայաստանը կարող է դառնալ եվրոպական երկիր՝ չհավակնելով ԵՄ անդամակցության։ Այս մասին այսօր Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին, թե արդյոք ինչ-որ մեկն իրո՞ք հավատում է, որ ԵՄ-ն կգա Հարավային Կովկաս, դահլիճից պատասխանել են՝ ոչ, իսկ Քոչարյանը նշել է. «Լավ կլիներ, բայց ոչ։ Աշխարհագրությունը դաժան բան է։ Տեսանելի ապագայում դա անհնար է։ Միայն եթե Թուրքիան ու Վրաստանը դառնան անդամ, և մենք էլ ևս 20 տարի կանգնենք հերթի մեջ, եթե ԵՄ-ն այդ տեսքով մինչ այդ պահպանվի։ Դա կեղծիք է, որը փորձում են «սաղացնել» ժողովրդի վրա։ Մի՛ խաբվեք»,- կոչ է արել Քոչարյանը։
Ըստ նրա՝ ոչ ոք չի խանգարում Հայաստանը դարձնել եվրոպական երկիր՝ բարեկեցության մակարդակով, ազատություններով, տնտեսական զարգացմամբ, հատկապես եթե հիշենք, որ Եվրոպայի ամենաբարգավաճ երկրները՝ Շվեյցարիան և Նորվեգիան, ԵՄ անդամ չեն։
«Բայց պետք չէ անել քայլեր, որոնք հղի են խնդիրներով։ Հարավային Կովկասն այլ տարածաշրջան է. հարավում Իրանն է, հյուսիսում՝ Ռուսաստանը, աշխարհում լարված իրավիճակ է։ Երրորդ անգամ ժողովրդի գլխին փորձանք մի՛ բերեք»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:


