ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանը հետաքրքրված տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում, և  Ադրբեջանը փորձում է վաճառել դա հնարավորինս թանկ գնով

Հայաստանը հետաքրքրված տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում, և Ադրբեջանը փորձում է վաճառել դա հնարավորինս թանկ գնով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:

Այնուհետև վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին: Անդրադառնալով ադրբեջանցի մեկ այլ ներկայացուցչի հարցին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականին, երբ դարձել է Հայաստանի վարչապետ, մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ դիմել է Հայաստանում և Ադրբեջանում սոցիալական մեդիայի օգտատերերին՝ խնդրելով նրանց չօգտագործել այդ հարթակն ատելության խոսքի, ագրեսիվ, վիրավորական հռետորաբանության համար, այլ փորձել խոսել իրար հետ և հասկանալ մեկը մյուսի դիրքորոշումը:

 «Բայց, ցավոք, իմ նախաձեռնությունը ձախողվեց։ Բայց ես ձեզ հետ լիովին համաձայն եմ։ Մենք պետք է կենտրոնանանք դրական ապագայի վրա, մեր ընդհանուր տարածաշրջանի ապագայի վրա։ Որովհետև դա փաստ է, որ Հարավային Կովկասի երեք պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ունեն շատ ուժեղ մշակութային նմանություններ։ Դա փաստ է։ Եվ մենք պետք է կենտրոնանանք դրական կողմերի վրա։ Եվ դուք ճիշտ եք, մենք հետաքրքրված ենք, գուցե Հայաստանն էլ ավելի է հետաքրքրված տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում, և դա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, վաճառել դա հնարավորինս թանկ գնով։ Մենք պետք է կենտրոնանանք խաղաղության ու համագործակցության դրական հնարավորությունների վրա։ Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն։

Մեր հանդիպման վերջնամասում կփորձեմ կենտրոնանալ դրական ասպեկտների վրա։ Միջազգային հանրությունից իմ ակնկալիքն այն է, որպեսզի այն հստակ ցույց տա, որ որևէ պրովոկացիա` կստանա միջազգային հանրության շատ կոպիտ արձագանքը, և շատ կարևոր է, որպեսզի պահպանվի կայունությունը։ Շեշտում եմ` կապ չունի Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, քանի որ հիմա մենք տարածաշրջանում ունենք դիտորդներ, և այժմ կարիք չի լինի, որպեսզի ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր նախաձեռնողը։ Հիմա դուք ունեք ինֆորմացիայի ձեր սեփական աղբյուրը։ Ընդհանուր առմամբ, կցանկանայի ասել, որ մեր քաղաքան թիմը, խորհրդարանական մեծամասնությունն իր պատասխանատվության տակ է վերցրել խաղաղության օրակարգը, և հիմա մենք խաղաղության օրակարգի համար մանդատ ունենք։

Մենք կենտրոնացած ենք այդ մանդատի իրականացման վրա։ Եվ մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք, և պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը, մինչև որ կհասնենք վերջնական և կայուն խաղաղության։ Եվ վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում և կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը։ Շնորհակալություն»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը։

  • Կիսվել: