Հայաստանը չի կարող խանգարել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը՝ մենք կստիպենք. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է «Զանգեզուրի միջանցքի ստեղծման հարցում խոչընդոտելու մեջ»:
«Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ։ Քանի անգամ են արդեն հանդիպել փոխվարչապետները: Այժմ Հայաստանը հրաժարվում է համագործակցել։ Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի կառուցման իրականացմանը։ Բայց դա նրանց չի հաջողվի։ Մենք նրանց սըիեպելու ենք», - հայտարարել է Ալիևը իշխող կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ։
Երկրի ղեկավարը նշել է, որ ներկայումս բանակցությունների սեղանին արդեն կան տրանսպորտային եւ հաղորդակցական մի շարք նախագծեր:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած որոշ հայտարարությունների:
Նա, ելույթ ունենալով Տնտեսական համագործակցության կազմակերպությունների համաժողովին, նշել է, որ «տրանսպորտային նոր միջանցքն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով, և միացնելու է Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի հետ»:
«Կրկնում եմ հերթական անգամ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:
Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ասել էր ԱԳՆ խոսնակը: