երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանը ցանկանում է հրաժարվել ռուսական բազայից եւ իր տարածքում սահմանապահներից․ Սամվել Բաբայան

Հայաստանը ցանկանում է հրաժարվել ռուսական բազայից եւ իր տարածքում սահմանապահներից․ Սամվել Բաբայան

Հայաստանը, ընդհանուր առմամբ, ցանկանում է 2025 թվականից հետո հրաժարվել իր տարածքում տեղակայված ռուսական բազայից եւ ռուս սահմանապահներից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում այդ ճանապարհներին չեն կարող տեղակայվել ռուս ուժայիններ, նա մի փոքր վաղաժամ է համարում։

Նրա գնահատմամբ՝ ուժի կիրառմամբ Ադրբեջանը փորձում է պարտադրել խաղաղության պայմանագրի իր տեսլականը եւ հնարավորինս շուտ կնքել այն: Բաբայանը համոզված է, որ իրականությանը չի համապատասխանում այն հռետորաբանությունը, թե իբր ադրբեջանական բանակը հզոր է, ուստի Բաքուն ձգտում է որքան հնարավոր է շուտ լուծել քաղաքական խնդիրները՝ հստակեցնելով Հայաստանի հետ սահմանները։  

«Բայց միեւնույն ժամանակ Բաքուն չի ցանկանում եւ չի էլ պատրաստվում դուրս բերել իր զորքերը Ջերմուկից, Վարդենիսից կամ Սեւ լճից։  Նա դա համարում է իր տարածքները»,- նշեց Բաբայանը։

Նրա գնահատմամբ՝ չնայած Արեւմուտքի ճնշմանը՝ կողմերը չեն ստորագրի այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կպարտավորեցնի Ադրբեջանին լքել Հայաստանի տարածքները: 

  • Կիսվել: