ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանը Ադրբեջանին ներկայացվող բոլոր առաջարկները կոմունիկացնում է նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ

Հայաստանը Ադրբեջանին ներկայացվող բոլոր առաջարկները կոմունիկացնում է նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ

Հայաստանը խաղաղության պայմանագրի տեքստի համար Ադրբեջանին ներկայացվող բոլոր առաջարկները կոմունիկացնում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, ցույց է տալիս  նաև այդ առաջարկները ներկայացնելու, Ադրբեջանին առաջարկներին այսինչ կերպ արձագանքելու պատճառները:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթաքում  հայտարարեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Պատգամավորներըը նախ ընդգծեցին, որ բանակցությունները վարվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Արուսյակ Ջուլհակյանը նշեց՝ միմյանց փոխանցվող տեքստում կան որոշ կետեր, որոնք  ընդունելի են կողմերի համար, կան որոշ սկզբունքային կետեր, որոնց հարցում դեռևս համաձայնության գալ չի ստացվում:

«Մեր յուրաքանչյուր առաջարկ, երբ ներկայացնում ենք ադրբեջանական կողմին, նաև դրանք կոմունիկացնում ենք մեր միջազգային գործընկերների հետ: Եվ բացի առաջարկներից  մենք ներկայացնում ենք նաև առաջարկների բացվածքը, այսինքն, թե ինչու ենք սա առաջարկում, թե ինչու ենք Ադրբեջանի այսինչ առաջարկին արձագանքում հետևյալ կերպ: Եվ դա արվում է հենց այն պատճառով, որ մենք գործ ունենք ապակառուցողական կողմի հետ»,-ասաց Ջուլհակյանը:

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ  հավելեց, որ փոխանցվող բոլոր առաջարկները Հայաստանը կոմունիկացնում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ: «Եվ այս ճանապարհով փորձում ենք նաև ամբողջ աշխարհի հետ բաց և ուղիղ խոսել, բացատրել մեր մոտեցումներն ու ի ցույց դնել Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները»,-նշեց պատգամավորը:

Չնայած Ադրբեջանի ապակառուցողական մոտեցմանը՝ պատգամավորը չցանկացավ որակում տալ, թե գործընթացը հիմա փակուղային իրավիճակում է: Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը: Սակայն իշխանական պատգամավորը շեշտեց՝ փորձում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա դիվանագիտական խողովակների միջոցով մեծացնել միջազգային ճնշումը: 

«Որևէ մեկը երբեք չի ասել, թե մենք հեշտ ճանապարհ ենք անցնելու: Բավականին բարդ իրավիճակում ենք գտնվում: Մեր տարածաշրջանը բավականին բարդ իրողությունների առաջ է կանգնած: Եվ եթե մենք շարժվենք այն ճանապարհով, որ, եթե մի առաջարկը մերժվեց, ուրեմն դա փակուղի է և վերջ, ապա մենք երբեք առաջ չենք շարժի, և խաղաղության գործընթացը կձախողենք: Այո, կլինեն դժվարություններ, կան դժվարություններ, բայց մենք պետք է օրնիբուն աշխատանենք՝ անկախ նրանից՝ այսինչ առաջարկը չենք համաձայնեցնի, այնինչ առաջարկը չենք համաձայնեցնի, բայց կշարժվենք առաջ՝ փորձելով  ստանալ մեր միջազգային գործընկերների աջակցությունը»,-ասաց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: