հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդությունները

Հայաստանում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդությունները

Իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով 2004 թվականից եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը: 

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկում է ապրիլի 26-ին և կշարունակվի մինչև մայիսի 2-ը՝ նպատակ ունենալով կարևորելու պատվաստանյութերի դերն ու նշանակությունը հանրության առողջության և բարեկեցության համատեքստում:

Այժմ, երբ հանրության ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը և բնականոն կյանքին վերադառնալու ձգտումը, ի թիվս այլ կանխարգելիչ միջոցառումների, հատկապես կարևորվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայությունը, որն արդեն լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում` հնարավորություն ընձեռելով 100%-ով կանխարգելելու հիվանդության ծանր ձևերը և մահվան դեպքերը:

Միևնույն ժամանակ, ամբողջ աշխարհում շարունակում են արձանագրվել պատվաuտումների միջոցով կանխարգելվող հիվանդություններ, որոնք կարծես մոռացության են մատնվել, այն դեպքում, երբ կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցը՝ պատվաստումները, հասանելի են և կիրառվում են արդեն տասնյակ տարիներ: 

Իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ուղղություններից է, երբ փոքր ներդրումներով ապահովվում են մեծ արդյունքներ։

Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ` դրանց վերացումը։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կտրուկ նվազել է կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը և այդ հիվանդությունների պատճառով` մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի:

Յուրաքանչյուր ոք պատվաստման մասին երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման ռիսկը շատ ավելի բարձր է, և պատվաստման օգուտները գերազանցում են ռիսկերը:

Հայաստանում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, հեմոֆիլուսային Բ տիպի, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում: Հարկ է հիշեցնել, որ Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները ռիսկի խմբերի անձանց շրջանում:

Մի´ մոռացեք այցելել ձեր տեղամասային պոլիկլինիկա:

Հիշե´ք՝ պատվաստումը վարակիչ հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ և անվտանգ միջոցն է:

Առողջապահության նախարարություն

  • Կիսվել: