ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը. Գնել Սանոսյան

Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը. Գնել Սանոսյան

Այո՛, մենք ուզում ենք ատոմային երկրորդ էներգաբլոկ ունենալ և ամեն ինչ կանենք, որ Հայաստանում ոչ մի օր ատոմային էներգիայի արտադրությունը չդադարի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Էներգետիկ համակարգում ատոմային էներգետակիայի դերը շատ մեծ է։ Մենք շարունակելու ենք մեծ տեղ տալ ատոմային էներգիայի զարգացմանը։ Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը։ Մեր ամբողջ մտադրությունը հետևյալն է՝ այնպես անել, որ եղած կայանի շահագործման և շահագործման ժամկետների ավարտի ժամանակ ունենալ արդեն նոր էներգաբլոկ և անմիջապես նոր էներգաբլոկը միացնել ցանցին», - ասաց Գնել Սանոսյանը։

Նախարարը նշեց, թե սա կառավարության համար գլխավոր ռազմավարություն է, այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ են սկսել և շարունակելու են։

«Աշխատանքների ընթացքը կհասցնենք նրան, որ մոտավորապես 2026-27 թվականներից կսկսվի նոր ատոմային էներգաբլոկի կառուցումը՝ հաշվի առնելով, որ 8-10 տարի կարող է այն տևել, և երբ ավարտին մոտենա մեր գործող ատոմային կայանի աշխատանքները, անմիջապես կարողանանք նոր ատոմային էներգաբլոկ ունենանք», - ասաց նախարարը։

  • Կիսվել: