Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը արկածախնդրություն է երկրի համար․ Սաղաթելյան
Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանի համար նոր արկածախնդրություն է։ Սեպտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ռազմաբազան որոշակի առաքելություն ունի, և այս աշխարհաքաղաքական պայմաններում Հայաստանն անպաշտպան թողնել թշնամիների երախում՝ արկածախնդրություն է երկրի համար։ Դա հանգեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների։ Չի՛ կարելի գնալ այդ արկածախնդրությանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ից դուրս գալուն»,- ընդգծեց Սաղաթելյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը չի բերելու ԵՄ անդամակցության, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալը չի հանգեցնելու ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Առանց որևէ այլընտրանքի դուրս գալն արկածախնդրություն է, կրկնեց Սաղաթելյանը։
Այն հարցին, թե ինչ է արել ռուսական ռազմաբազան Հայաստանի համար, պատգամավորը վրդովվել է և հիշեցրել․ ձեր կարծիքով, եթե ռազմաբազան վերջին 20 տարիներին չպահպաներ Հայաստանի սահմանները, ի՞նչ կաներ Թուրքիան։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ ամեն ինչ սկսվում է գնահատականներից՝ Թուրքիան ու Ադրբեջանը սպառնալի՞ք են, թե՞ ոչ։ «Երկու անգամ մեր հայրենիքում ցեղասպանություն իրականացրե՞լ են։ Հավակնություններ ունե՞ն, թե՞ ոչ։ Նրանք ոչ միայն տարածքային պահանջներ ունեն, այլև նկրտումներ՝ ամբողջ հայկական ինքնության նկատմամբ։ Այո՛, նրանք սպառնալիք են, և մեր կարողությունները բավարար չեն տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կարևոր են»,- ընդգծեց Սաղաթելյանը։



