հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանից և Հարավային Կովկասից հեռանալը ՌԴ ծրագրերի մեջ չի մտնում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանից և Հարավային Կովկասից հեռանալը ՌԴ ծրագրերի մեջ չի մտնում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Քննարկումներն այն մասին, թե Ռուսաստանը իբր հեռանում է, ցանկության բարձրաձայնում է։ Հավանաբար մարդիկ հույս ունեն, որ միտքը նյութական է դառնում, և եթե այն անընդհատ բարձրաձայնեն, դա տեղի կունենա: Ամենայն վստահությամբ ասեմ, որ դա Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ խոսելով այն մասին, թե ՌԴ-ն իբրև թե պատրաստվում է հեռանալ Հայաստանից և Հարավային Կովկասից:

Ըստ դեսանի՝ Հարավային Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է, և Ռուսաստանը դե ֆակտո այդ տարածաշրջանի մի մասն է՝ թե՛ աշխարհագրության, թե՛ պատմության, թե գոյություն ունեցող կապերի շնորհիվ։

՛՛Բացի այդ, մենք պարտավորություններ ունենք Հայաստանի նկատմամբ և չենք պատրաստվում հրաժարվել այդ պարտավորություններից։ Մեր` մտացածին հեռացման մասին խոսակցությունները շահարկումներ են՛՛,-ասել է Կոպիրկինը:

Նա նաև հայտնել է, որ խաղաղապահ զորակազմի և սահմանապահների թիվը 2020 թվականի իրադարձություններից հետո ավելացվել է հայկական կողմի խնդրանքով:

՛՛Ռուսական ռազմակայանը, խաղաղապահ զորակազմը և սահմանապահները, որոնց թիվը 2020 թվականի իրադարձություններից հետո ավելացվել է հայկական կողմի խնդրանքով, և դրանք տեղակայվել են նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ այս ամենը կայունության և սրացման կանխարգելման շատ կարևոր գործոններ են։ Կրկնեմ՝ ռուսական ներկայության դերը զգալու համար, հավանաբար, պետք է խոսել սահմանամերձ գյուղերի, ավանների, Ղարաբաղի բնակիչների հետ։

Նրանց կարծիքն առավել մոտ է իրականությանը։ Կա քաղաքական քարոզչություն, բայց կա և իրական կյանքը։ Եվ պետք է ելնել նրանից, թե ինչպես են այդ ներկայությունը գնահատում այն մարդիկ, ովքեր ապրում են այդ շրջաններում և որոնց համար «անվտանգություն» բառը դատարկ խոսք չէ՛՛-նշել է Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ այդ ներկայությունը պետք է պահանջված լինի դաշնակցի կողմից:

՛՛Ես ելնում եմ նրանից, որ այդպես էլ կա։ Թեև մենք ուշադրություն ենք դարձրել վերջին շրջանում արված որոշ հայտարարությունների, թե ռուսական ռազմական ներկայությունը կարող է դիտարկվել որպես անվտանգությանը սպառնացող։ Բայց ես դա ավելի շատ վերագրում եմ հռետորաբանության տարրին, որը չի արտացոլում Հայաստանի ղեկավարության իրական դիրքորոշումը։

Երկրորդ տարրը, որի մասին ուզում եմ ասել, այն է, որ, լուծելով կայունության պահպանման, անվտանգության տեսանկյունից խոցելի շրջանների բնակչության անվտանգության ապահովման խնդիրը, Ռուսաստանը շատ ակտիվ աշխատում է տարածաշրջանում և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների քաղաքական կարգավորման ուղղությամբ՛՛,-ասել է դեսպանը:։

  • Կիսվել: