ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանից դուրս գտնվող և վերադառնալ ցանկացող քաղաքացիները պետք է կապ հաստատեն դեսպանությունների հետ․ Փոխարտգործնախարար

Հայաստանից դուրս գտնվող և վերադառնալ ցանկացող քաղաքացիները պետք է կապ հաստատեն դեսպանությունների հետ․ Փոխարտգործնախարար

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Հայաստանի դուրս գտնվող և վերադառնալ ցանկացող քաղաքացինեը կապ հաստատեն մեր դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև ԱԳՆ-ի հետ, որտեղ գործում են շուրջօրյա թեժ գծեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։ 

«Դա անհրաժեշտ նախապայման է մեր աշխատանքները դյուրացնելու համար, որովհետև այդ կապը, որը ձևավորվում է մեր քաղաքացիների հետ, թույլ է տալիս մեզ և մեր դիվանագիտական ներկայացուցչություններին գնահատել իրավիճակը և մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձնելու աշխատանքները ճիշտ և հասցեագրված իրականացնել»։

Փոխարտգործնախարարը նաև տեղեկացրեց, որ եթե չկան տարհանման գործողություններ, ապա դեսպանություններն ուղղորդում են մեր քաղաքացիներին, թե ինչպես պետք է վերադառնալ, ինչ չվերթներ կան և որոնք են ճիշտ ճանապարհները։

Ավետ Ադոնցի խոսքով՝  այս գիշեր Պարետի և ԱԳՆ-ի համակարգմամբ, Մայր Աթոռի ֆինանսավորմամբ Կալկաթայից Հայաստան են վերադարձել մոտ 68 երեխաներ և ուսուցիչներ, ովքեր սովորել են Կալկաթայի հայոց բարեգործական դպրոցում։

Այսօրվա դրությամբ օդային հաղորդակցության հետ բավականին մեծ խնդիրներ կան․ «Եթե մեկ շաբաթ առաջ մենք հորդորում էինք, որ Աեորֆլոտն է միակ կանխատեսելի ինստրումենտը Հայաստան վերադառնելու առումով, ապա այսօր այդ հնարավորություններն էլ ավելի սահամանափակ են»,- ասաց բանախոսը։ 

Իսկ եթե այնուամենայնիվ չի հաջողվում վերադառնալ, ԱԳՆ փոխնախարարը նշել է, որ մեր դիվանագիտական ներկայացուցչություններն անում են ամենը, որպեսզի կարգավորվեն մեր քաղաքացիների ժամանակավոր կեցությունն այդ երկրում․ «Մեր դիվանագիտական ներկայացուցչություններն անում են ամենը, որպեսզի կարգավորվեն մեր քաղաքացիների ժամանակավոր կեցության հարցը, ապահովելով այն մինիմում անհրաժեշտ վայրը, սնունդը, մի փոքր ֆինանսական միջոցները և իհարկե օգտագործելով նաև մեր համայնքային ռեսուրսները»։

  • Կիսվել: