չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հայաստանի վարչապետը ես եմ, հետևաբար, առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը. Փաշինյան

Հայաստանի վարչապետը ես եմ, հետևաբար, առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը. Փաշինյան

Հայաստանը պետք է լինի խաղաղ, զարգացած, երջանիկ, ազատ ու ժողովրդավարական պետություն, բայց այս ճանապարհին անհրաժեշտ է վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետութուն լինելու կամքը: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գնում ենք այդ ճանապարհով` հարգելով մեր բոլոր գործընկերներին, բայց նույնպիսի հարգանք ակնկալելով մեր ժողովրդի, մեր պետության, մեր ինքնիշխանության նկատմամբ»,-ասել է նա:

Փաշինյանի խոսքով, վերջին տարիներին ու այսօր մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների խորքային իմաստը հենց սա է` Հայաստանը լինելու է ինքնիշխան, ազատ պետությո՞ւն, թե՞ վախվորած ծայրագավառ:

«Արդեն գրեթե բաց ու թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում, ու ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի` ինքն անկախության պաշտպանության շարժման մասնակի՞ց է, թե՞ ծայրագավառային հնազանդության»,- ասել է նա՝ ընդգծելով, թե ինքն է Հայաստանի վարչապետը, հետևաբար, առաջնորդում է անկախության պաշտպանության շարժումը:

«Եթե չլինեի վարչապետ` որպես քաղաքացի կգնայի ՀՀ անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից` իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է, որովհետև Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ, Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Հայաստանի քաղաքացին չի կորցրել ու չի կորցնի իր հպարտությունն ու հաստատակամությունը և Հայաստանի քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովդրավարության, երջանկության ու ազատության համար մղվող այս պայքարում:

Փառք նահատակներին ու կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,-եզրափակեց իր խոսքը Փաշինյանը:

  • Կիսվել: