ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի պատմության մեջ չեք հիշի մի իրավիճակ, երբ 4-5 հեռուստաալիքով ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտություն տարածեր, ինչպես այժմ է․ Փաշինյան

Հայաստանի պատմության մեջ չեք հիշի մի իրավիճակ, երբ 4-5 հեռուստաալիքով ինչքան քաղաքական դիակ կա գարշահոտություն տարածեր, ինչպես այժմ է․ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե երկրում ճգնաժամը լուծելու փոխարեն, կառավարությունը ճնշում է լրատվամիջոցներին, ազատ խոսքը։

«Երրորդ հանրապետության պատմության մեջ չեք հիշի մի իրավիճակ, երբ առնվազն 3-4, եթե ոչ 4-5 հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան, կներեք արտահայտությանս համար, քաղաքական դիակ կա գարշահոտություն տարածի երկրով մեկ», -հայտարարեց վարչապետը։

Անդրադառնալով Մարուքյանի մատնանշած կոնկրետ դեպքին, որ «Հրապարակի» հրապարակախոս դաշնակցական Էդիկ Անդրեասանին հրավիրել են դատախազություն, Փաշինյանն ասաց, որ կոնկրետ դեպքի վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, քանի որ տեղյակ չէ մանրամասներին և եթե հարկ լինի համապատասխան մարմինները կարձագանքեն։

Այնուհետև հայտարարեց․ «Երբ դուք ելութ էիք ունենում, պարոն Մարուքյան, անուն տվեցիք, ես մտքով գնացի 1999 թվականի հոկտեմբերի 27։ Գուցե ասոցիացիաները սխալ են, գուցե աշխատանքի վայրի և այլ դետալներով չհամընկնեն, բայց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցությանը պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում, որտեղ եթե չեմ սխալվում, աշխատում էր ձեր հիշատակած անձը, տպագրվել էր Հանրապետության հրապարակի նկարը, որի կենտրոնում՝ մարդկային դիակ։ Դա 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Մինչև հիմա էլ առեղծված է՝ այդ ինչպես հենց այդ օրը, այդ նկարը հրապարակվեց այդ թերթում։ Կարծեմ կար նաև մակագրություն»։

  • Կիսվել: