չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված հատվածներից իր զորքերը հեռացնի․ Խանդանյան

Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված հատվածներից իր զորքերը հեռացնի․ Խանդանյան

Խաղաղության պայմանագրի բանակցություններում Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները. թե այդ բանակցությունների շրջանակում և թե դրանից դուրս ընդհանրապես Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը հեռացնի իր զորքերը ՀՀ օկուպացված տարածքներից: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով բանակցությունների մասին հարցին:

«Հայաստանն ունի իր սկզբունքային դիրքորոշումները: Եվ այդ սկզբունքային դիրքորոշումները մեծ հաշվով տեղավորվում են Հայաստանի ինքնիշխանության և անկախության պաշտպանության ներքո, նաև Հայաստանի ներքին գործերին որևէ կողմի չմիջամտելու թեմայի համատեքստում»,-ասաց Խանդանյանը:

Թե կոնկրետ ի՞նչ մասնավոր կետերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն կարողանում մոտեցնել իրենց դիրքորոշումները՝ պատգամավորը չխոսեց՝ նշելով, որ դրա մասին պետք է խոսեն բանակցողները:

«Այնուամենայնիվ, Հայաստանը հանձնառու է շարունակել բանակցությունները: Եվ հույս ունենք, որ պահը շուտ կմոտենա, և մենք հնարավորություն կունենանք Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիրը»,-նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ նախապայման, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Խանդանյանն ասաց. «Այդ նախապայմանը ոչ միայն խաղաղության բանակցությունների շրջանակում է, այլ՝ ընդհանրապես,  Հայաստանի պահանջն է, որ Ադրբեջանը Հայաստանի օկուպացված հատվածներից իր զորքերը հեռացնի»:

  • Կիսվել: