շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի իշխանությունը ոչ մի բանի դիմաց փոխարինում է իր քիչ, թե շատ եղած անվտանգության համակարգերը. Արծվիկ Մինասյան

Հայաստանի իշխանությունը ոչ մի բանի դիմաց փոխարինում է իր քիչ, թե շատ եղած անվտանգության համակարգերը. Արծվիկ Մինասյան

Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, ուղղակի խայտառակություն է, Հայաստանի անվտանգությունը եւս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ ցանկացած պահի Հայաստանը բոլոր կողմերից հարվածներ է ստանում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Նրանք ուղղակի թշնամացնում են դաշնակցին, ավելին եղած անվտանգության համակարգն աշխատեցնելուն ուղղված ավելի դաշնակցային մոտեցումը փոխարինել թշնամական մոտեցումով եւ առհասարակ զրոյացնել  Հայաստանի անվտանգության արտաքին համակարգերը, սրանով այս մարդիկ եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ոչ թե բացարձակ կապ չունեն պետական կառավարման հետ, այլ նաև կապ չունեն նաեւ հայ ժողովրդի անվտանգության նվազագույն երաշխիքներ ստեղծելու հետ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին, թե ի՞նչ վատ բան կա, որ Հայաստանը զուգահեռաբար հարաբերությունները խորացնի նաեւ ԵՄ-ի հետ, Արծվիկ Մինասյանն պատասխանեց. «Չկա նման բան: Հայաստանը երկար տարիներ GSP+ համակարգի արտոնությունների համակարգում գործող պետություն է: Մենք այստեղ ունենք լուրջ սահմանափակումներ եվրոպական շուկաներում: Եվրոպական տարբեր ստանդարտները, նաեւ միջազգային խոշոր խաղացողներն ուղղակի ճանապարհ չեն թողնում, որ հայկական ապրանքները կամ ծառայություններն ազատորեն մուտք գործեն այդ շուկաներ: Այսօր Հայաստանի շրջանառության հսկայական հատվածը կապված է Ռուսաստանի հետ: Մոռանալ, անտեսել այս ամենը եւ սին հույսեր  փայփայել եվրոպականացման գործընթացի մեջ, նշանակում է ուղղակի չհասկանալ, ապրել միայն սեփական բարեկեցիկ աշխատասենյակում, սեփական փոքր խմբի հետ վայելքների մեջ: Սա նշանակում է, որ ոչ մի բանի դիմաց դու փոխարինում ես քո քիչ, թե շատ եղած անվտանգության համակարգերը»,-ասաց Մինասյանը:

  • Կիսվել: