շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ լուրջ խորքային խնդիրներ կան, և Սոլովյովի արձագանքը ապտակ էր մերոնց համար․ Արամ Սարգսյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ լուրջ խորքային խնդիրներ կան, և Սոլովյովի արձագանքը ապտակ էր մերոնց համար․ Արամ Սարգսյան

Հայ-ռուսական հարաբերություններն այս պահի դրությամբ դաշնակցային չեն, քանի որ Հայաստանի գործող իշխանությունները տափուկ ձևով են իրականացնում իրենց քաղաքական քայլերը: Նման կարծիք InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Ըստ քաղաքական գործչի, Հայաստանի իշխանությունների գործողություններն իրենց բնույթով հակառուսական են։

«Դաշնակցային հարաբերությունները պահանջում են վստահելի հարաբերություններ, եթե այդպիսին չեն, չեն կարող լինել դաշնակցային, եթե դաշնակիցների միջև քայլերը համաձայնեցված չեն, չի կարող լինել վստահության մթնոլորտ», -հավելեց Սարգսյանը։

Որպես օրինակ, ՀԴԿ նախագահը մատնանշեց Տեսալսողական մեդիայի մասին օրենքի նախագիծը։ Ըստ Սարգսյանի, այդ օրենքը հենց ռուսական ալիքների դեմ է։

«Այն անձը, որը ներկայացնում էր այդ նախագիծը իրեն թույլ տվեց հայտարարել, որ այդ ալիքները պարունակում են լեզվական և տեղեկատվական սպառնալիք։ Տեսաք, Սոլովյովը այն ինչ ասեց, չեմ ուզում ասել, կոպիտ կստացվի, բայց ապտակ էր մերոնց համար։ Հանրայինի եթերում տալիս եք հարթակ մի մարդու, որը իսկապես ատում է հայերենի, Նավալնու մասին է խոսքը։ Նրան ներկայացնում եք որպես հակառուսական քարոզիչ ու գտնում եք, որ ճիշտ ե՞ք անում», - բարկացավ Արամ Սարգսյանը։

Դիտարկմանը, թե ռեպորտաժը պատրաստվել էր համակողմանի և բոլոր կողմերն էլ ունեցել են արտահայտվելու հարթակ, Սարգսյանը արձագանքեց․

«Բայց Նավալնիի փոխարեն կարող էր արտահայտվել մեկ այլ մարդ, որը ատելությամբ լցված չէ հայերի նկատմամբ։ Ես հետևել եմ նրա ելույթներին ու լավ գիտեմ՝ ինչ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ»։

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության մասին, ըստ քաղաքական գործչի, խոսում է նաև ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը՝ արցախյան հակամարտության լուծման բանակցային սեղանին այլ փաստաթղթի առկայության մասին։

«Սրանք հենց այնպես խնդիրներ չեն։ Եթե ոմանք, որոնք քաղաքականությունից հեռու են և չգիտեն պատմություն, չգիտեն շատ բան, օրինակ՝ դիվանագիտական նրբություններին չեն տիրապետում, կարծում են, թե ոչ մի բան էլ չի լինի, սխալվում են։ Իմ նման մարդիկ, որոնք ունեն այդ ամբողջ փորձը, շատ լավ հասկանում են՝ դրա հետևանքները որն են լինելու», - ասաց Արամ Սարգսյանը։

Հակադարձելով ինքնիշխան լինելու կարևորության մասին հայտարարություններին, Սարգսյանն ասաց, որ ինքնիշխանությունը խոսքով չի լինում, այլ՝ գործով։

«Ինքնիշխանությունը դրսևորվում է բոլոր քո արժանապատիվ գործողություններով, այսինքն՝ մենք երբևիցե չենք ասել՝ եկեք որևէ մեկի վասալը դառնանք, մեր ազգային շահերը ենթարկենք մյուսին։ Մենք խոսում ենք այն մասին, որ եթե սեփական միջոցներով չենք կարողանում ապահովել մեր ազգային, պետական անվտանգությունը, ուրեմն եկեք բարի լինենք կատարենք մեր բոլոր պարտավորությունները։ Դա չի նշանակում, որ դուք ձեր ինքնիշխանությունն եք տալիս։ Ձեր ինքնիշխանությունը տալիս եք այն պարագայում, երբ չեք կարողանում կառավարել ձեր երկիրը», -ասաց նա։

Ըստ նրա, եթե Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան դուրս բերվի, Թուրքիան կսկսի իր հարձակումները և այդ համատեքստում Ադրբեջանի նախախագահի կփորձի իրականացնել իր հոխորտանքները։

«Ի՞նչ եք կարծում իզո՞ւր են Նախիջևանը դարձրել զինված պոլիգոն։ Ձեզ թվում է՝ մենք հեքիաթ ենք պատմո՞ւմ։ Սա լուրջ խնդիր է, որի հետ կապված կատակ անել չի լինի, մենք պետություն ենք կորցնելու այդ պարագայում։ Հայաստանի և Ռուսաստանի միջև շատ լուրջ խորքային խնդիրներ կան», - նշեց Սարգսյանը։

  • Կիսվել: