ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը պետք է անպայման փոխենք. Փաշինյան

Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը պետք է անպայման փոխենք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է փոխել երկաթուղու կոնցեսիոն կառավարման տրամաբանությունը, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտները խնդիր չդառնան երկրի երկաթուղային համակարգի զարգացման համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը իրականացնում է Ռուսաստանը՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության միջոցով։ Թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ էլ խոսել էր՝ նշելով, որ ռուսական կոնցեսիոն կառավարումը Հայաստանին զրկում է որոշ մրցակցային առավելություններից՝ առաջարկելով հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար բարեկամ որևէ երրորդ երկրի փոխանցել։ Ռուսական կողմից տարբեր պաշտոնյաներ արդեն իսկ հայտարարել են, որ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի փոխանցելը նպատակահարմար չեն համարում։

Կոտայքի մարզի Գողթ բնակավայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է  տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ զարգացումներին՝ նշելով, որ Թուրքիան այժմ կառուցում է Կարս-Դիլիջու երկաթուղին՝ Կարսից մինչև Նախիջևան հատվածում, մինչդեռ Հայաստանում արդեն առկա է պատրաստի երկաթուղային ենթակառուցվածք։

«Հայաստանում պատրաստի երկաթուղի կա, և պատրաստի երկաթուղին է պետք օգտագործել»,-ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ուսումնասիրությունների արդյունքում Կառավարությունը եկել է եզրակացության, որ խնդիրը կապված է Հայաստանի երկաթուղու ներկայիս կոնցեսիոն կառավարման մոդելի հետ։

«Քանի որ Հայաստանի երկաթուղին ռուսական կոնցեսիայի ներքո է, և Ռուսաստանը բարդ պատժամիջոցային հարաբերություններ ունի Արևմուտքի երկրների հետ, արևմտյան երկրները փնտրում են ճանապարհներ, թե ոնց շրջանցեն դա»,-նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ միջազգային ընկերությունները փորձում են խուսափել պատժամիջոցների ռիսկից և փնտրում են անվտանգ ուղիներ։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն տրամաբանությունը պետք է անպայման փոխենք, որը, ի դեպ, Հայաստանի Հանրապետության 100 տոկոս սեփականությունն է։ Դա պետք է, որպեսզի պատժամիջոցային խոչընդոտը մեր ճանապարհի, մեր երկաթուղիների համար պրոբլեմ չդառնա»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Հայաստանը շարունակելու է աշխատանքը գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ հաջորդ փուլում սպասվում է Հայաստան-Թուրքիա սահմանի և երկաթուղու բացումը։

«Բոլոր դեպքերում արևելքից արևմուտք ապրանքների հոսքն այնքան մեծ է, որ ես համոզված եմ, որ մեր երկաթուղին մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու է և մեծ գումարներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը»,-նշել է նա։  

Վարչապետի խոսքով՝ միջազգային գործընկերները նաև ուսումնասիրել են Հայաստանի տարածքով անցնող ճանապարհային ուղղությունները և եկել եզրակացության, որ արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերով։

«Մեծ ներդրումային հետաքրքրություններ կան, որպեսզի Տավուշի մարզից դեպի Շիրակի մարզ գնացող ճանապարհները զարգացվեն և բեռնատարների համար վճարովի ճանապարհներ ստեղծվեն»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ծրագրերը Հայաստանի համար լրացուցիչ եկամուտներ կստեղծեն։

 

  • Կիսվել: