ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայաստանի դերը արցախյան հիմնախնդրի լուծման գործում նվազագույն է. Գուրգեն Արսենյան

Հայաստանի դերը արցախյան հիմնախնդրի լուծման գործում նվազագույն է. Գուրգեն Արսենյան

Այս պահին Հայաստանի դերն արցախյան հիմնախնդրի լուծման օրակարգում նվազագույն է։ Այս մասին Factor-ին տված հարցազրույցում ասել է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը։

Խոսելով պատճառների մասին՝ Արսենյանը նշել է. "Ադրբեջանը գնաց հակամարտության ռազմական լուծման ճանապարհով։ Այս իրավիճակում մեր հնարավորությունները, որոնք մենք պետք է հակադրեինք ուժային լուծմանը, բավարար չէին։ Եվ Ադրբեջանը հասել է ռազմական հաջողության։ Դրանից հետո կատարվեց հետևյալ գործողությունը. հայկական ռազմական ստորաբաժանումները վերադարձվեցին Հայաստան։ Դրանք այժմ տեղակայված են Հայաստանի տարածքում։ Ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները մնացել են այն տարածքներում, որոնք լքել են հայկական զինված ստորաբաժանումները։

Եվ եթե մենք սթափ մտածող քաղաքական գործիչներ ենք, մենք պետք է հասկանանք, որ Արցախի խնդրի լուծման վրա էական ազդեցություն կարող է ունենալ այն պետությունը, որը գտնվում է այնտեղ։ Նման երկրները երկուսն են՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ ի դեմս խաղաղապահների։

Բնականաբար, մենք ամենայն աջակցություն ենք ցուցաբերում Արցախում բնակվող մեր հայրենակիցներին։ Հայաստանի կառավարությունը աննախադեպ օգնություն է ցուցաբերում Արցախին՝ սոցիալական խնդիրները լուծելու համար, սակայն ՀՀ զինված ուժերն այսօր Արցախի խաղաղության գրավականը չեն։ Մենք պետք է այդ մասին հայտարարենք, թե ինչքան կարելի է ստել մարդկանց։ Որքան կարելի է հանրահայտ հայտարարություններ անել, որոնք չեն համապատասխանում իրականությանը։

Եվ այդ պատճառով էլ ես հայտարարում եմ, որ բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են հայ-ադրբեջանական թշնամանքի հերթական հրահրմանը, ուղղակի հարված են Արցախի բնակչությանը։ Քանի որ այդ սադրանքներին կարող են հետևել գործողություններ... և այստեղ ուզում եմ հիշեցնել, որ ադրբեջանական զինուժը գտնվում է այդ տարածքներում, իսկ հայկական զինուժը այդ տարածքներում չկա"։

  • Կիսվել: