կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների ժամանակ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել. ՀՀ վարչապետ

Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների ժամանակ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործողությունները չեն կատարվել. ՀՀ վարչապետ

ՀԱՊԿ-ի պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես`  Ռուսաստանը, ինչ պետք է անեին այլ կերպ, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանն արևմտյան դաշնակիցներից:  The Wall Street Journal-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դրա մասին առաջին անգամ չէ, որ խոսել ենք, այն մասին, որ 2021 թ. նոյեմբերին, 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ է իրականացրել ՀՀ նկատմամբ և տարածքներ է օկուպացրել, Հավաքական անվտանգության պայմանագրում և ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում. նկարագրվածը տեղի չի ունեցել, բնականաբար, դա հիասթափեցնող է թե ՀՀ կառավարության, թե հայ հանրության համար: Նաև ՌԴ հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, դրանում նկարագրված գործողությունները ևս տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և կառավարության, և հանրության շրջանում: Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, անկեղծ կլինեմ` ահա այս իրադրությունները մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք, և մենք հիմա փորձում ենք դա անել»:

Հարցին` Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը առավելությո՞ւն, թե՞խոչընդոտող հանգամանք է, Փաշինյանը պատասխանեց.

«Գոնե այս պահին իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելություններ, ցավոք, չենք տեսել»:

Ճշտող հարցին` արդյո՞ք սա նշանակում է, որ պլանավորում է  ՌԴ-ից պահանջել հանել ռազմաբազաները ՀՀ-ից, վարչապետն արձագանքեց.

«Մենք նման հարց չենք քննարկել, ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ`  ի՞նչն է նման իրադրության պատճառը, սա նաև ՀՀ և ՌԴ, ՀՀ և ՀԱՊԿ միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»:

 

  • Կիսվել: