հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հայաստանի ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. նախարար

Հայաստանի ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. նախարար

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  մարտի 28-ի նիստում քննարկվել է  ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախարարությանը 22 ծրագրի իրականացման համար 2021թ. հատկացվել էր 214,7 մլրդ դրամ, ծախսվել է 202,4 մլրդ դրամը, կատարողականը կազմել է 94,3 տոկոս:

Ըստ նախարարի` սա լավ ցուցանիշ է, քանի որ կատարողականների չափը տարեցտարի ավելանում է:  Օրինակ` 2020թ., կատարողականը կազմել է 84 տոկոս:

Նախարարն անդրադարձել է հաշվետու տարում իրականացված խոշոր ծրագրերին:

Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով կազմակերպվել են Կոտայքի, Արարատի մարզերի և Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր երթուղիների միասնական օպերատորների ընտրության մրցույթներ:

«2022թ. կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր միկրոավտոբուսներով, դրանցից 80-ն արդեն Հայաստանում են, 70-ը` ճանապարհին: Էջմիածնում գործընթացն արդյունավետ իրականացվում է, սակայն Արարատում և Արմավիրում գործընթացը փոքր-ինչ դանդաղում է, քանի որ մրցույթի մասնակիցները միմյանց հետ դատական գործընթացի մեջ են»,- ասել է նախարարը:

Նշվել է, որ հանրապետության ավելի քան 200 բնակավայր տրանսպորտային հաղորդակցման լուրջ խնդիրներ ունի. չկան կանոնավոր չվերթներ:

Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է մրցույթներ հայտարարել 3 մարզում:

2021թ. ներդրվել է նաեւ ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով: Ակնկալվում է, որ նոր կարգավորումների միջոցով հնարավորինս կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երեւույթը, եւ կբարձրանա ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը:

  • Կիսվել: