2026-ի առաջին կիսամյակում արձանագրվել է նույն անձանց միջև երկրորդ և ավելի անգամ բռնություն կիրառելու 230 դեպք. ՆԳ նախարարը մանրամասնում է
Ուզում եմ, որ բոլորս մեր խոսույթում շատ զգույշ լինենք և հոգածությամբ վերաբերվենք ընտանեկան ու կենցաղային բռնության դեպքերին, որովհետև մեզ հետևում են նաև ընտանեկան բռնության զոհեր, և հատկապես անձինք, որոնք դեռևս համարձակություն չունեն դիմելու իրավապահ համակարգին և բարձրաձայնելու իրենց հետ տեղի ունեցածը: Հուսով եմ, որ ԱԺ բոլոր գործընկերները հենց այս հոգածությամբ կվերաբերվեն թեմային:
Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 28-ի նիստին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու նման բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փաթեթի շրջանակում հանդես գալով որպես հարակից զեկուցող:
Նախարարը վիճակագրություն ներկայացրեց՝ ընդգծելու փաթեթի մշակման և ընդունման անհրաժեշտությունը:
Ըստ այդմ՝ անդրադառնալով բռնարարների մասով նախազգուշացում և անհետաձգելի միջամտության որոշում կիրառելուց հետո կրկնակի խախտումներին՝ նախարարը նշեց, որ 2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ նախազգուշացում կիրառելուց հետո բռնության կրկնման դեպքերի թիվը եղել է 93, իսկ անհետաձգելի միջամտության որոշում կիրառելուց հետո բռնության կրկնման դեպքերի թիվը եղել է 316:
«ՆԳՆ ոստիկանության կողմից նույն անձանց միջև երկրորդ և ավելի անգամ բռնության արձանագրումները 2025 թվականին եղել են 343, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում՝ 230 դեպք»,- ասաց նա:
Նախարարը նաև հիշեցրեց, որ նախագիծը մշակվել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնված ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավի շրջանակում:



