չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին. Լոռու մարզպետ

Ստեփանավանում ՔՊ խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին. Լոռու մարզպետ

Համաձայն նախօրոք ձեռք բերված փոխըմբռնման՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընտրական տեխնիկական պահանջների բերումով պրն. Գրիգորյանը ստիպված է եղել սառեցնել անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն ապասառեցնելու համար արդեն համապատասխան դիմում է ներկայացրել։

Ընդգծեմ, որ չենք պատրաստվում համայնքի ավագանում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն, այլ հանդես ենք գալու որպես միասնական «Քաղաքացիական պայմանագիր»։

Շնորհավորում ենք մեր գործընկեր պարոն Գրիգորյանին հանրային բարձր վստահության համար»։

Նշենք, որ հոկտեմբերի 25–ին Ստեփանավանում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 4 քաղաքական ուժ՝ ՔՊ–ն, «Ուժեղ Հայաստանը», «Գործարար» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։

Այստեղ առաջատարը «Գործարար» կուսակցությունն է, որն ստացել է 41.38% ձայն։ ՔՊ–ն ստացել է 35.20% ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝ 19.62% ձայն, իսկ «Հանրապետությունը»՝ 3.41%, ձայն։

Մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալն է՝

Գործարար - 9

Քաղաքացիական պայմանագիր - 8

Ուժեղ Հայաստան – 4

«Գործարար» կուսակցությունը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։ Մինչեւ ընտրությունները Արմեն Գրիգորյանը իր տված հարցազրույցներից մեկում բացառել էր ՔՊ-ի հետ համագործակցությունը:

  • Կիսվել: