Նախաձեռնությունը մշակվել է Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնnւթյան արշավի շրջանակում. այն փակում է օրենսդրական բացերը. ՆԳ նախարար
Օրենսդրական այն նախաձեռնությունը, որը ներկայացրել են գործընկերները, մշակվել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնված ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավի շրջանակում, Ազգային ժողովում ասել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդադառնալով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Բաթոյանին, տիկին Վարդանյանին և տիկին Ղազարյանին՝ այս կարևոր նախաձեռնությունը մշակելու և հանձնառությամբ հանդես գալու համար:
Ուզում եմ փաստել, որ նախագիծը, ինստիտուցիոնալ առումով, անդրադառնում է տարբեր հարցերի, որոնք բովանդակային առումով փոփոխություններ կբերեն պրակտիկայում՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակում։
Կարևոր փոփոխությունը հանրային մեղադրանքին է վերաբերում, որովհետև այսօր տուժողի բողոք, դատախազի լայն հայեցողություն, գործուն զղջալու ինստիտուտում բացառությունների բացակայություն, հաշտվելու ինստիտուտում բացառությունների բացակայություն թույլ չեն տալիս իրականում ամբողջ ծավալով իրականացնել քննությունը, գնալ մինչև վերջ և պատասխանատվության ենթարկել բռնարարին, և այս պայմաններում այն բոլոր բացերը, օրենսդրական, որոնք կան և հնարավորություն են տալիս խուսափելու պատասխանատվությունից կամ արժանանալու ավելի մեղմ պատասխանատվության միջոցի՝ ըստ էության դուրս են բերվում»-նշել է նա:



