Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունն է մնում արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը. Մնացականյան
Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գերակայությունն է մնում արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Այսօր Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Այս նպատակով, ըստ նրա, Հայաստանը շարունակել է սերտ համագործակցությունը միջազգային միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով:
«Տարվա ընթացքում հնարավոր է դարձել ձեռք բերել երկու պայմանավորվածություն՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու և խաղաղության համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ: Այս պայմանավորվածությունների շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների փոխանակման այցը»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով, տարվա ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել Հայաստանի և Արցախի ԱԳՆ-ների միջև, որը իրականացվել է Երևանում և Ստեփանակերտում պարբերական խորհրդակցությունների ձևով՝ տարբեր մակարդակներում:
Նշվեց նաև, որ 2019 թ-ի հուլիսի 5-ին Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների կողմից ստորագրվեց Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների պլան, որը նախատեսում է 2019-2020 թթ. անցկացնել կանոնավոր խորհրդակցություններ արցախյան հիմնախնդրի և արտաքին քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների և Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի միջև խորհրդակցություն՝ երկու ԱԳ նախարարների նախագահությամբ:
«Հայաստանը հստակորեն սահմանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման իր մոտեցումները, որոնք արտահայտվել են բազմաթիվ առիթներով, ներառյալ անցյալ տարի Բրատիսլավայում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը։


