«Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղությանը և սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների․ Օհանյան
ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ չէ խաղաղությանը և Ադրբեջանի հետ սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների և ոչ ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի:
Օհանյանը նկատեց, որ սահմանագծման և սահմանազատման համար անհրաժեշտ պայման է, որ հակառակորդ պետությունները դառնան խաղաղ ապրելու պատրաստ հարևան պետություններ՝ մանավանդ ունենալով պատշաճ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ և փոխվստահություն: Եվ այդ ամբողջ գործընթացը պետք է իրականացնի հարևան պետությունների կառավարությունների կողմից ստեղծված խառը հանձնաժողովը, նպատակային է կիրառել միջազգային և ազգային նորմերով ամրագրած տեղեկություններ, որոնք հստակ բխում են ՀՀ շահերից: «Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում այդ գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ չկան»,-ասաց Օհանյանը:
Խմբակցության ղեկավարը մեղադրեց գործող իշխանությանը այդ վիճակին հասնելու համար: Նա իշխանությանը մեղադրեց դիվանագիտական և բանակցային գործընթացի թերի գործադրման մեջ:
«Հայաստան» դաշինքը դեմ չէ խաղաղությանը և սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների, ժամանակավրեպ և ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի: Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, մեր բոլորի կարծիքով, պետք է բացառեն Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակման և տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկմանը՝ ապա մենք կողմ ենք դրան: Սակայն՝ ոչ ի հաշիվ մեր երկրի անվտանգության ապահովան և ինքնիշխանության մակարդակի նվազեցման: Թուրք-ադրբեջանական նախապայմաններն այս հարցում անընդունելի են»:
«Մենք գտնում ենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, միջազգային պրակտիկայի համաձայն ուժի սպառնալիքով տարածքային խնդիրների լուծումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին: ՀՀ-ն չունի որևէ միջազգային իրավական պարտավորվածություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզ՝ ընդ որում առանց կոորդինատների, բացատրագրերի»,- ասաց Օհանյանը:
Նա շեշտեց՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթած տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ըստ նրա՝ ՀՀ-ն պաշտոնապես ներկայացնող որևէ անձ չի կարող գրավոր և բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի Հանրապետությանը և ՀՀ-ին վերաբերող հիմնարար իրավական նորմեր: