ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստան արդեն իսկ ներկրված և վաճառքի խնդիր ունեցող ավտոմեքենաների մասով պետությունն անելիք չունի. Անանյան

Հայաստան արդեն իսկ ներկրված և վաճառքի խնդիր ունեցող ավտոմեքենաների մասով պետությունն անելիք չունի. Անանյան

Հայաստան արդեն իսկ ներկրված և վաճառքի խնդիր ունեցող ավտոմեքենաների մասով պետությունն անելիք չունի: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցին, որ արտահանման նպատակով Հայաստան են ներմուծվել հազարավոր ավտոմեքենաներ, սակայն ԵԱՏՄ կարգավորումներով պայմանավորված` բախվել են խնդրի, Անանյանը նշեց․

«Խոսքը վերաբերում է այն ավտոմեքենաներին, որոնց տերերը չեն հասցրել մինչև հունվարի 1-ը դրանք ներկրել Հայաստան, և հիմա ստիպված են նոր կարգով մաքսազերծում անել: Այդ մեքենաների թիվը հասնում է 800-1000-ի»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահը՝ նշելով, որ այս հարցի կարգավորման համար պետությունը ԵԱՏՄ շրջանակներում որոշակի բանակցություններ է վարում:

ՊԵԿ նախագահը, սակայն, տեղեկություն չհայտնեց բանակցությունների վերաբերյալ: «Լիազորված չեմ որևէ բան ասելու: Բացի դրանից, վերջնական տեղեկություն չունեմ այն մասին, թե բանակցությունները որ փուլ են հասել: Ամեն դեպքում մենք այդտեղ որոշակի կառուցողական պարտականություն ունենք, որը փորձում ենք իրականացնել»,- ասաց նա:

Այս տարվա հունվարից Ղազախստանի իշխանությունների կիրառած սահմանափակումների պատճառով ավտոմեքենաների վաճառքը Հայաստանում կտրուկ դանդաղել է: Խնդիրը Հայաստանի առաջարկով քննարկվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:

 

Հայաստանում 2019-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արտոնյալ ռեժիմով պայմանավորված՝ ավտոներկրման բում է գրանցվել: Ոլորտում ներգրավված հայաստանցիների թիվը ոչ պաշտոնական տվյլաներով հասել է 20 000-ի: 2018-ի համեմատ՝ 2019-ին Հայաստան է ներկրվել շուրջ երեք անգամ ավելի ավտոմեքենա՝ 189 000։ Այդ մեքենաների հիմնական շուկան Ղազախստանն էր։

  • Կիսվել: