Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում ընկած են եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա
Մոսկվան ելնում է նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում ընկած են եռակողմ պայմանավորվածություններ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով ԵՄ նախաձեռնությունը, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հիշեցրել է, որ անցած շաբաթ Ռուսաստանի նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է այդ պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցերի ողջ շրջանակը։ Զախարովան ասել է նաեւ, որ այս թեման եղել է ապրիլի 8-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների, ինչպես նաեւ ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցների ընթացքում ուշադրության կենտրոնում։
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ այս շփումների ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը եւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։
Զախարովան վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի համաչափ աջակցություն ցուցաբերել Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։