չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Հավատարմագրման գործընթացների ազդեցությունը ուսումնասիրելու նպատակով կայացավ ՈԱԱԿ փորձագետների համաժողով

Հավատարմագրման գործընթացների ազդեցությունը ուսումնասիրելու նպատակով կայացավ ՈԱԱԿ փորձագետների համաժողով

Փորձագետների հետ հավատարմագրման գործընթացների ազդեցությունը ուսումնասիրելու նպատակով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ մարտի 3-ին կայացավ ՈԱԱԿ փորձագետների համաժողով:

«Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա» թեմայով համաժողովը իր շուրջ էր համախմբել ավելի քան 80 փորձագետի, որոնք քննարկում էին հավատարմագրման սահմանած առաջնահերթությունները և ազդեցությունները:

«Առանձնացրել ենք կրթության տարբեր ոլորտներն ուսումնասիրող 10 չափանիշ՝ Առաքելություն և նպատակներ, Կառավարում և վարչարարություն, Մասնագիտական կրթական ծրագրեր, Ուսանողներ, Պրոֆեսորադասախոսական կազմ, Հետազոտություն և զարգացում, Ենթակառուցվածք և ռեսուրսներ, Հասարակական պատասխանատվություն, Արտաքին կապեր և միջազգայնություն ու Որակի ապահովում: Հատուկ առանձնացրել ենք հետազոտությունը և միջազգայնացումը՝ տեսնելով, որ միջազգային բուհերը կարևորում են հետազոտող և միջազգային չափանիշների համապատասխան  ուսանողների պատրաստումը»,- ասաց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Որպես արդյունք՝ ՈԱԱԿ-ն ակնկալում է նպաստել հավատարմագրման գործընթացների բարելավմանը, հասկանալ՝ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել հավատարմագրումների արդյունքում:

«Նախատեսում ենք պարբերաբար կազմակերպել այսպիսի հանդիպումներ, որպեսզի տարբեր տարիների փորձագետներն իրենց փորձով կիսվեն մյուսների հետ: Նպատակ ունենք նաև հասկանալ, թե ուր ենք շարժվում»,- ասաց ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, եզրափակելով իր խոսքը, նշեց՝ բավական չէ գիտելիք ունենալը, կարևոր են նաև հետազոտական կարողությունները՝ նորը ստեղծելու համար: Նրա համոզմամբ՝ փորձագետները ևս կառանձնացնեն հենց այս չափանիշը:

  • Կիսվել: