Հավասարակշռություն, զսպում, երաշխիքներ՝ սա է անվտանգության գործնական բանաձևը. Արա Այվազյան
Այսօր Հայաստանի սահմանները չի սկսվում սահմաններից, այն սկսվում է արտաքին քաղաքականությունից։ Եթե արտաքին քաղաքականությունը թույլ է, ամբողջ երկիրն է դառնում թույլ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 9–ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
«2020–ից հետո մենք հայտնվեցինք նոր իրականության մեջ, հին անվտանգության համակարգը քանդվել է, նորը չի ձևավորվել, և այս փուլում մենք հիմնական խնդիրը պետք է լիներ կայունության և հավասարակշռության վերականգնումը, բայց գործող իշխանությունները ընտրեցին հարմարվելու ճանապարհը՝ ընդունելով վատթարացող միջավայրը և ենթարկվելով ճնշմանը։ Սա ռազմավարական կոպտագույն սխալ էր։ Պայմանավորվածությունները չեն չեզոքացրել մարտահրավերներն ու սպառնալիքները, լարվածությունը չի վերացել, իսկ մեզ առնչվող որոշումները հաճախ ընդունվում են առանց ՀՀ–ի մասնակցության։ Սա սուբյեկտության կորուստ է։
Զիջումների քաղաքականությունը խաղաղություն չբերեց, այն պարզապես հետաձգեց ճգնաժամը։ Ցանկացած գնով լարվածությունից խուսափելը չի նվազեցնում ռիսկերը, այն դրանք դարձնում է անկառավարելու։ Պայմաններ ձևավորելու փոխարեն մենք հարմարվում ենք դրանց։ Հավասարակշռություն հաստատելու փոխարեն միակողմանի զիջումների եենք գնում։ Շահերը պաշտպանելու փոխարեն մենք հույսով ենք ապրում, բայց հույսի վրա հիմնված քաղաքականությունը ռազմավարություն չէ։
Տարիներ շարունակ մեզ խոստանում են խաղաղություն, իսկ հիմա համառորեն և հուսահատորեն փորձում են համոզել, որ խաղաղություն է հաստատվել առանց դրա համար պայմաններ ստեղծելու։
Մեզ ասում են՝ այդպես մենք խուսափում ենք պատերազմից, բայց արդյոք ավելի անվտանգ է դարձել։ Ներկայիս իշխանություններն ասում են՝ սահմանին հանգիստ է, ոչ ոք չի զոհվում, բայց սահմանին հարաբերական լռությունը անվտանգության մակերեսային պատրանք է։ Փաստերը ցույց են տալիս, որ երկրի ռազմավարական խոցելիությունը ոչ միայն չի վերացել, այլ խորացել է։ Մեր անվտանգության բերաբերյալ որոշումները ավելի ու ավելի հաճախ են կայացվում Հայաստանից դուրս։
Տարածաշրջանային հավասարակշռությունը խախտվել է, իսկ պաշտպանական նոր մեխանիզմներ չեն ստեղծվել։ Նման «խաղաղությունը» պարզապես դադար է հաջորդ սպառնալիքից առաջ»,–ասաց նա։
Արա Այվազյանի խոսքով արտաքին քաղաքականությունը, որը հարմարվում է ճնշմանը, այլ ոչ թե կառավարում այն, ստեղծում է անվտանգության պատրանք, բայց ոչ իրական պաշտպանություն» «Ես մասնակցել եմ բանակցությունների, գիտեմ խոսքերի արժեքը, և եթե «խաղաղություն» բառը չի ամրապնդվում ուժով, այն արժեք չունի։
Առանց հավասարակշռության զիջումները խաղաղություն չեն բերում, դրանք նոր պահանջներ են առաջացնում, որքան շատ զիջումներ, այնքան բարձր կլինի հաջորդի գինը։ Սա փակուղի է և մեր պետությունը չպետք է սպասի իրադարձությունների ծավալմանը, այն պետք է ձևավորի դրանք։
Պետությունը չպետք է խնդրի, այն պետք է կանխատեսի, պետությունը չպետք է հույս ունենա, այն պետք է ապահովի։ Ուստի գլխավոր հարցը այսօր հետևյալն է, ոչ թե ինչպես խուսափել ճնշումից, այլ ինչպես այն դարձնել անհնար։
Մենք ունենք պատասխանը, սա տեսություն չէ, սա անվտանգության գործնական բանաձևն է՝ հավասարակշռություն, զսպում, երաշխիքներ։ Հավասարակշռություն, որպեսզի մեր վրա չգործադրվի ճնշում, զսպում, որպեսզի որևէ մեկը չփորձի խախտել համաձայնությունները, երաշխիքներ, որպեսզի պայմանավորվածությունը դառնա պարտավորություն։
Միայն այսպես է հնարավոր ունենալ և անվտանգություն և կայուն խաղաղություն։ Հարգելի գործընկերներ, նման քաղաքականությունը անհնար է առանց արտաքին հենարանների, սակայն գործընկերությունները կառուցվում են ոչ թե սպասումների և համակրանքների, համակրանքների, այլ շահերի և հաշվարկների վրա»,– ընդգծեց նախկին ԱԳ նախարարը։
Արա Այվազյանը նկատեց, որ Հայաստանը պետք է կառուցի հարաբերությունների համակարգ, հետապնդելով մասնավորապես հետևյալ նպատակները. «Ռուսաստանի հետ պահպանելով մեր անդամակցությունը հայտնի կառույցներում, ձևավորել անվտանգության գործող, այլ ոչ թե հռչակագրային մեխանիզմներ: Միացյալ Նահանգների հետ երկխոսության արդյունքում իրական երաշխիքներ, Եվրոպական Միության հետ համագործակցության միջոցով ապահովել Հայաստանի ինստիտուցիոնալ և տնտեսական հզորացումը, տարածաշրջանում ձգտել հաստատել խիստ հավասարակշռություն, որտեղ ճնշումը դառնում է անիմաստ։
Ոչ մի ուղղություն չպետք է դառնա խոցելիություն, և սա բոլորին հաճոյանալու քաղաքականություն չէ։ Այսպիսի քաղաքականության արդյունքում կստեղծվի իրավիճակ, որում մեզ չեն թելադրում և որում մենք ձեռք ենք բերում անհրաժեշտ ուժ մեր շահերը պաշտպանելու համար։ Տրամաբանության այս փոփոխությունը նշանակում է անցում ռեակտիվ արձագանքից դեպի իրադարձությունների նախաձեռնողական կառավարում։
Եվ այստեղ կարևոր է ընդգծել, մեր մոտեցումը չի նշանակում առճակատում, մեր մոդելը ուժեղ պետության հաշվարկված և ճիշտ կառուցված քաղաքականությունն է։
Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք կանգնած ենք ընտրության առաջ, շարունակել ներկայիս ուղին նշանակում է շարունակել թուլանալ, մենք դրա իրավունքը չունենք։ Հիմա հաճախ ասում են փոփոխությունները վտանգավոր են և անխուսափելիորեն կբերեն աղետալի պատերազմ։
Վտանգավորը չփոխվելն է, վտանգավորը թուլանալն է, վտանգավորը սպասելն է գործելու փոխարեն, մեզ անհրաժեշտ է շրջադարձ դեպի քաղաքականություն, որի պայմաններում Հայաստանը չեն կարող անտեսել, Հայաստանին չեն կարող պարտադրել և Հայաստանը չեն կարող շրջանցել։ Սպասելու ժամանակը ավարտվել է, թուլության գինը արդեն վճարված է, նոր հնարավորություն կարող է այլևս չլինել»։


