հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հասանովը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին և վարչապետին քրդերի ազգային տոնը շնորհավորելու համար

Հասանովը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին և վարչապետին քրդերի ազգային տոնը շնորհավորելու համար

 ՀՀ ազգային ժողովի ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, հայ ժողովրդին քրդերի ազգային  տոնը՝ Նավրոզը շնորհավորելու համար: Հասանովն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում:

Հասանովը նշեց՝ այս օրերին ամբողջ աշխարհի քրդերը տոնում են իրենց ազգային տոնը՝ Նավրոզը: Նավրոզը քուրդ ժողովրդի հնագույն տոներից մեկն է, որ գալիս է դեռևս հեթանոսական շրջանից:

«Այդ օրն ամբողջ աշխարհի քրդերն իրենց բնակավայրերում խարույկներ են վառում, երգում, պարում: Հետագայում, երբ սկսվեց քուրդ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը, այս տոնը վերաիմաստավորվեց և դարձավ քուրդ ժողովրդի ազգային ազատագրական շարժման խորհրդանիշը: Նավրոզը նշանակում է նոր օր, նոր տարի»,-ասաց Հասանովը:

Պատգամավորն ընդգծեց, որ այս տոնը Թուրքիայում քրդերին արգելում են, սակայն նախորդ օրը Թուրքիայի քրդական քաղաքներում, մասնավորապես, Դիարբեքիրում շուրջ 1 մլն մարդ է հավաքվել, և, հաշվի չառնելով ոչ մի արգելանք, նշել իրենց ազգային տոնը: Հասանովը հիշեցրեց, որ տոնը շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դա ամբողջ աշխարհի քրդերի շրջանում մեծ արձագանք է գտել, իրենց հեռուստաընկերություններով, լրատվամիջոցներով հայտնեցի, որ Հայաստանի իշխանությունները և հայ ժողովուրդը շնորհավորել են մեր ազգային տոնը: Ես Հանրապետության բարձր ամբիոնից ուզում եմ սրտանց և խորապես շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ հարգարժան Նիկոլ Փաշինյանին և իմ սիրելի հայ ժողովրդին մեր ազգային  տոնը շնորհավորելու և բարձր գնահատանքի արժանացնելու համար»,-եզրափակեց Հասանովը:

  • Կիսվել: