Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին քաղաքի տոնի առթիվ և հրավիրել ընտանիքներով ու ընկերներով մասնակցելու մայրաքաղաքում կազմակերպվող միջոցառումներին։ Քաղաքապետը տեսաուղերձ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Սիրելի՛ երևանցիներ, շնորհավոր մեր սիրելի քաղաքի տոնը։ Այսօր Երևանը մեզ դիմավորում է հրաշալի արևոտ եղանակով, իսկ քաղաքի տարբեր հատվածներում մենք ունենալու ենք փառատոններ, երեխաների համար միջոցառումներ, շատ երաժշտություն և բարձր տրամադրություն»,– ասել է Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ միջոցառումներին մասնակցելու են ինչպես տեղացի արտիստներ, այնպես էլ արտերկրից հյուրեր։
«Ընտանիքներով, երեխաների հետ, ընկերների հետ դուրս եկեք քաղաք, միասին վայելենք այս գեղեցիկ օրը։ Կհանդիպենք Երևանում»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ «Էրեբունի-Երևան 2808»-ի շրջանակներում հոկտեմբերի 9-10-ին համերգներ և փառատոններ են անցկացվում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Տոնական միջոցառումները կեզրափակվեն շքեղ հրավառությամբ՝ հոկտեմբերի 10-ին ժամը 22:45-ին Հաղթանակ զբոսայգում։



